Նիկոլ Փաշինյանի «գլխավոր ուսապարկը»

Նիկոլ Փաշինյանի «գլխավոր ուսապարկը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 


«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության տխրահռչակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է, որը համատեղության կարգով նաև կառավարող կուսակցության խոսնակն է։ Այս չկայացած գործիչն այնքան է սիրում Փաշինյանին, որ դարձել է կեղծիքի տարածման «քայլող հանրագիտարան»։

Ալեքսանյանը փորձում է «մաքրել» Փաշինյանին

ԱԺ վերջին ճեպազրույցներում «գլխավոր ուսապարկի» համբավ ունեցող Վահագն Ալեքսանյանը երկու կեղծիք- «դարակազմիկ» միտք է արտահայտել։
«Նույն ընդդիմադիրները ժամանակին բանակցում էին «հայրենիք» հանձնելու շուրջ»,- ասել է նա։
Երբ ՔՊ պատգամավորները կոտրատվում են հիմնավորելու համար, թե տարածքներ չեն հանձնել, առնվազն տարակուսելի է։
Հղումը, թե նախկիններն էլ բանակցել են այդ տարածքները վերադարձնելու շուրջ, մեղմ ասած չի կարող խմբագրել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում պատերազմի միջոցով տարածքներ են հանձնվել։
Փաստորեն, այս իշխանությունը պարզ ճշմարտություններ մինչև հիմա չի գիտակցել։ Երբ որոշակի տարածքներ հետ են վերադարձվում բանակցությունների ընթացքում, գործում է, այսպես ասած, փոխզիջման սկզբունքը, երբ քո զիջման դիմաց ստանում ես զիջում հակառակորդից, օրինակ հանձնում ես ԼՂ-ին հարակից տարածքները Արցախի վերջնական կամ միջանկյալ կարգավիճակի դիմաց։


Փաշինյանը մերժել է փոխզիջումը, պատերազմում պարտվել է` ոչ միայն լուսավոր կյանքերի, այլ հանձնված տարածքների, Հայաստանի կորսված սուբեկտության գնով։ «Ընդդիմադիրները կարիք ունեն հանրության ուշադրությունը շեղելու իրենց բուն գործունեությունից։ Իրենց գործն իրականում ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ ընդհատակյա պայքարն է»,- խորհրդարանական ճեպազրույցում ասել է Ալեքսանյանը։
Այս անհեթեթությանն ընդհանրապես անդրադառնալ պետք չէ, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչ այս օրերին կատարվում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանն՝ ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելուց հետո, անցել է սեփականության տոտալ վերաբաժանման գործընթացին՝ սեփական ռեժիմի ֆինանսական հիմքերն ամրապնդելու նպատակով։

Ալեքսանյանը՝ «մշտական»

Ճիշտ ասած՝ Վահագն Ալեքսանյանն այն տրագիկոմեդիկ կերպարն է, որ այս խորագրում կարող է ունենալ իր «մշտական» տեղը։ Օրինակ, նրան է պատկանում սեփական կուսակիցներին Փաշինյանի ուսապարկի հետ համեմատելու «հանճարեղ» միտքը, լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու խայտառակությունը։ Բայց մենք այն կարծիքին ենք, որ վուլգար այս պատգամավորին պետք է հիշել հնարավորինս հազվադեպ՝ նրան մոռացության մատնելու նպատակով։

 

Վահրամ Բագրատյան