ԱՄՀ-ն Հայաստանին մոտ 36 միլիոն դոլար կարող է տրամադրել
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022 թ․ մարտի 1-ից 16-ն անց է կացրել ԱՄՀ «Պահուստային ծրագրի» (SBA) աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ ամփոփիչ ստուգումը։ «Պահուստային ծրագիրը» հաստատվել է 2019 թ․ մայիսի 17-ին և ավարտվում է 2022 թ. մայիսի 16-ին։
ԱՄՀ տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ԱՄՀ թիմը Հայաստանի իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնության է եկել «Պահուստային ծրագրի» աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ և վերջին ամփոփիչ ստուգումը եզրափակելու շուրջ։
Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որը սույն ամփոփիչ ստուգումը նախատեսում է դիտարկել մայիսի կեսին։ Խորհրդի նիստից հետո հասանելի կդառնա շուրջ 36 միլիոն դոլար (25.716 միլիոն ՓՀԻ)՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով մոտ 430 միլիոն դոլարի։
«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ․ և շարունակելով բարձր աճը 2022 թ․ սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է 2 վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։
2021 թ․ բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչև ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին։ Արտաքին դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ․, քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ և ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) հատկացմամբ միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված և իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է»,– ասվում է ԱՄՀ տարածած հաղորդագրությունում։