Ականջ շոյող է, որ ասում եք՝ Կասկադի կամ Պոնչիկանոցի դիմացի էն փոսը չկա, բայց երևանցին չպիտի իմանա՝ որտեղ ինչ փոս կա

Ականջ շոյող է, որ ասում եք՝ Կասկադի կամ Պոնչիկանոցի դիմացի էն փոսը չկա, բայց երևանցին չպիտի իմանա՝ որտեղ ինչ փոս կա

Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում արդեն հուլիս ամիսն է մոտենում, բայց մարդիկ դեռ շարունակում են մեքենա վարելիս փոս ընկնել ու «հիշել» քաղաքային իշխանություններին, որոնք պատասխանատու են ոչ թե այդ փոսերի գոյության, այդ դրանց վերացման համար։ Տարին արդեն կես է ընկել, բայց քաղաքապետարանը դեռ նոր է մրցույթ անցկացնում փոսալցման նպատակով։ 

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին Երևան համայնքում իրականացնում են ասֆալտ-բետոնյա ծածկի միջին նորոգման աշխատանքները, մասնավորապես՝ Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում։ Մնացած փողոցներում էլ դիտահորերի բարձրացման աշխատանք է տեղի ունենում։

«Դրան զուգահեռաբար՝ Երևանի քաղաքապետարանը ճաքալցման մրցույթ է հայտարարել, որում ունենք հաղթող, հիմա այդ հաղթողը պայմանագրի կնքման փուլում է, կարծում եմ՝ այս շաբաթվա մեջ այդ պայմանագիրը կկնքի։ Դրան զուգահեռ՝ մենք նախատեսում ենք հրատապ կարգով փոսալցման նոր մրցույթ կազմակերպել՝ հաշվի առնելով այս տարվա փոսերի աննախադեպ քանակությունը»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ մինչև աշուն կավարտեն աշխատանքները։ 

-Պարոն Հարությունյան, Ձեզ համար տարօրինա՞կ չէ, որ հունիսի կեսին նոր մցրույթ եք հայտարարում, երբ հունիսի կեսին պետք է ավարտած լինեիք աշխատանքները։ Հնարավոր չէ՞ այդ մրցույթներն ավելի վաղ կազմակերպել, ասենք՝ հունվարին կամ նախորդ տարվա վերջին։

-Տեսեք, ունենք այն, ինչ ունենք այս պահին, թեպետ կարող եմ Ձեզ ասել, որ հունվար ամսվանից նախատեսված էր, որ այդ փոսային նորոգման մրցույթները պետք է լինեին, և եղել ու կայացել են այս պահին։ Պարզապես, բոլորս էլ կարող ենք փաստել, որ այս տարի տեղի ունեցած իրավիճակից, ինչպես նաև և եղանակային պայմաններից ելնելով՝ փոսերի ծավալները բավականին շատ են եղել, և հայտարարված մրցույթի ծավալով հնարավոր չի եղել ամբողջը փակել։ Եւ անհրաժեշտություն է առաջացել նաև հրատապ դնել երկրորդ մրցույթը։

-Ես չգիտեմ՝ երբ եք այդ մրցույթը հայտարարել, բայց դա էլ ժամանակին չեք արել։ Օրինակ՝ հունիսի կեսին մարդիկ Երևանի կենտրոնում շարունակում են փոս ընկնել։ Դուք՝ որպես վարորդ, հավանաբար պատկերացնում եք, չէ՞, թե մարդիկ ինչ բառերով են հիշում քաղաքային իշխանություններին ամեն անգամ փոս ընկնելիս։ 

-Այո, համամատիմ եմ, տհաճ է, երբ երթևեկում ես մեքենայով, ու կան փոսեր։ Բայց ունենք ստեղծված իրավիճակ, որից Երևանի քաղաքապետարանն ամեն օր ուզում է դուրս գալ։ Բայց եկեք ես էլ, Դուք էլ՝ որպես վարորդ, փաստենք, որ էս մեկ ամսվա ընթացքում բավականին մեղմվել է էդ փոսային իրավիճակը։ Իհարկե, մյուս տարի մենք մեր ծրագրած գնումների պլաններով և մեր նախաձեռնած միջոցառումներով կարծում եմ՝ պիտի այսպիսի պրոբլեմներ չունենանք։

-Այս վերջին մեկ ամսում, իհարկե, ինչ-որ բան մեղմվել է, օրինակ՝ Կասկադում մի փոս կար, որը վերջապես լցվել է, Մաշտոցի պողոտայում՝ Պոնչիկանոցի դիմաց գոյացած փոսը վերացել է, բայց բազմաթիվ փոսեր մնացել են։ Պարզապես, չե՞ք կարծում, որ այս վեց տարվա ընթացքում կարելի էր այնպես անել, որ գոնե վեց տարի անց այդ խնդիրն այլևս չունենայինք։ 

-Ականջ շոյող է, իհարկե, Ձեր այն արտահայտությունը, որ ասում եք՝ Կասկադի կամ Պոնչիկանոցի դիմացի էն փոսը չկա, բայց ինձ համար անընդունելի է դա, երևանցին չպիտի իր լոկացիայով իմանա՝ որտեղ ինչ փոս կա։ Բայց մենք ունենք ստեղծված իրավիճակ, ինչը նաև պայմանավորված է էս աննախադեպ եղանակային պայմաններով և սահմանափակ ծավալներով։ Բայց անում ենք ամենը, որ մեղմենք էս իրավիճակը։

-Բայց այդ եղանակային պայմանները միայն այս տարի չէ, որ աննախադեպ է։ Ու որքան էլ մեղքը բարդեք եղանակի, գուցե նաև նախկինների վրա, այս տարիներին կարելի էր, չէ՞, պատկերացում կազմել, թե Հայաստանում ինչ եղանակ է լինում, որ ամսին որքան անձրև է գալիս։ Ավելի ցուրտ երկրներ կան, որտեղ ճանապարհները տարին կլոր իդեալական վիճակում են, և միայն Հայաստանում է, որ բոլորը մեղավոր են, ընդհուպ՝ եղանակը, բացի բուն պատասխանատուներից։

-Տեսեք, մեր այս կարճ զրույցի ընթացքում ես չփորձեցի մեղավորներ ման գալ, ես ասում եմ՝ դա մեր պրոբլեմն է, ու այդ պրոբլեմը մենք պետք է լուծենք հնարավոր բոլոր միջոցներով։ Բայց փաստենք, որ այս տարվա անձրևների քանակը և էդ կարգի չգիտեմ՝ էլի երբ է այդպես եղել։ Համամիտ եմ, որ Երևան քաղաքում էնպես չի, թե նախկինում անձրև չի եղել, բայց ունենք այն, ինչ ունենք։ Բայց հետագա պլանավորման համար նաև հաշվի կառնենք էս եղած սիտուացիան, որ մենք ունեցել ենք այս տարի։ Ես կարծում եմ՝ մյուս տարի էլ մենք կունենանք նմանատիպ խոսակցություն, բայց կփորձենք այնպես անել, որ փոսերից այլևս չխոսենք, ուրիշ խնդիրներից խոսենք։ 

Վահե Մակարյան