«Ֆլայ Արնան» դադարեցնում է թռիչքները․ ազգային ավիափոխադրողի ձախողված փորձը

«Ֆլայ Արնան» դադարեցնում է թռիչքները․ ազգային ավիափոխադրողի ձախողված փորձը

Հայկական ազգային ավիափոխադրող հռչակված «Ֆլայ Արնա» ընկերությունը այլևս թռիչքներ չի իրականացնում։ Համենայնդեպս, այդ մասին են հուշում ինչպես «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի պատկերը, այնպես էլ իրենց կայքում և aviasales.ru օնլայն գնումների համակարգում այս ընկերության կողմից տոմսերի վաճառք չլինելու փաստը։ «Զվարթնոցի» մեկնումների բաժնում «Ֆլայ Արնայի» միայն մեկ չվերթ կա այս պահին (երեկոյան ժամը 18:15-ին՝ Թեհրան), իսկ վաղը, օրինակ, ոչ մի չվերթ չկա։ Իրենց կայքում ևս տոմսերի վաճառքն ու չվերթների մաիսն տեղեկատվությունն անհասանելի է։ 

Նշենք, որ «Ֆլայ Արնա» ընկերության հետ կապված անցյալ տարվա վերջին տարբեր հրապարակուններ եղան, որ ֆինանսական խնդիրների առջև է անգնել, կառավարության կողմից հովանավորվող ազգային ավիափոխադրողը, փաստորեն, ձախողել է, երկու օդանավերից միայն մեկն է մնացել, ինչպես նաև կայքում տոմսերի ամրագրման համակարգի խափանման մասին էր գրվել։

«Ֆլայ Արնայից» այդպես էլ նորմալ պարզաբանում չէին տարածել, նրանց մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն էլ, որը ժամանակին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ էր մի կարճ ժամանակ խոսնակության անհաջող փորձ ձեռք բերել, լրագրողների հետ չէր կարողանում նորմալ կոմունիկացիա ապահովել, պատասխանել մեր հարցերին։ 

Այս անգամ էլ Mediahub-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչո՞ւ տոմսերի վաճառք չկա, դադարեցնո՞ւմ է ընկերությւոնը իր թռիչքները, սակայն խոսնակը, որի նախկինում էլի հասցրել էր աչքի ընկնել մեզ հետ իր անտակտ և էթիկայի կանոնները ոտնահարող պահվածքով, այս անգամ ևս կոպիտ և ագրեսիվ տոնով մեզ «ուղղորդեց» գրավոր ուղարկել մեր հարցերն ու չլսելով մեր հարցը՝ անջատեց հեռախոսը։ Նկատենք, որ «Ֆլայ Արնա» ընկերության մամուլի պատասխանատուի անպատասխանատու և ձախողված աշխատանքը ուղիղ համեմատականն է իր ներկայացրած ընկերության աշխատանքին, ուղևորների հանդեպ պատասխանատվության չափին և մատուցած ծառայությունների որակին։ Դրա համար էլ այսօր այս վիճակում են հայտնվել։ 

Ի դեպ, մենք զանգահարեցինք նաև ավիաընկերություններկ որ գոնե նրանցից ճշտենք՝ արդյոք վաղը, մյուս օրը կամ մյուս շաբաթվա ընթացքում «Ֆլայ Արնա» ընկերության որևէ չվերթի տոմս հնարավո՞ր է վաճառել, սակայն մեզ ասացին՝ վերջինը այսօր է եղել, այլևս որևէ թռիչքի տոմսի վաճառք այս ընկերության կողմից հասանելի չէ։ 

Վահե Մակարյան