Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց նրանք հո հավերժ չե՞ն լինելու․ Սերժ Սարգսյան
Կգա ժամանակը, և մենք կհայտարարենք, թե ինչ ենք նկատի ունեցել։ Այդ մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, թե Արցախի էջը փակված չէ։
Նրա խոսքով՝ արցախահայերից յուրաքանչյուրին պետք է հարցնել, թե ինչ պայմանով են նրանք պատրաստ վերադառնալ Արցախ։
«Վերադարձն, իհարկե, ցանկալի է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ, թե ինչպիսի պայմաններ, ես չեմ կարող ասել՝ չիմանալով նրանց կարծիքը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Դիտարկմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ այդ պայմաններն ապահովելու համար Ադրբեջանի Սահմանադրությանը պետք է արցախահայերը ապավինեն, արդյո՞ք սրանք են Եվրոպայի երաշխիքները, և սրանցո՞վ է ՀՀ-ն գնում խաղաղության, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ոչ, դրանք չեն կարող երաշխիքներ համարվել»։
Ինչ վերաբերում է Արցախի պետական կառույցների լուծարմանը, ապա Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ոչինչ չի լուծարվել։
«Ի՞նչ է նշանակում լուծարում են Արցախի պետական կառույցները։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց նրանք հո հավերժ չե՞ն լինելու։ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում։ Որևէ մեկի ստորագրությամբ չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարվել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։