Թռիչքների խնդիրներ կան, օդանավակայան հասնելը ևս խնդիր է. ի՞նչ իրավիճակ է Լիբանանում

Թռիչքների խնդիրներ կան, օդանավակայան հասնելը ևս խնդիր է. ի՞նչ իրավիճակ է Լիբանանում

«Իսրայելի մարտավարությունը փոխվել է, աշխարհագրությունը՝ ընդլայնվել։ Իսրայելական ուժերը փորձում են «անվտանգության գոտի» ստեղծել Լիբանանի հարավում՝ ապահովելով իրենց երկրի հյուսիսային շրջանների կայունությունը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ  Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակին:

Իսրայելի կողմից լիբանանյան տարածքների տարբեր հատվածներում օդային հարձակումները շարունակվում են: Իսրայելը նախապայմաններ ունի և փորձում է ամեն գնով հասնել դրանց:

Առաջինն այն է, որ «Հըզբոլլահ»-ի ուժերը պետք է դեպի հյուսիս՝ Էլ-Լիտանի գետը հետ քաշվեն, և պետք է սպառազինվեն: Խոսքը դեռ 2006 թվականին «Հըզբոլլահ»-ի մի քանի ամիս տևած զինված հակամարտության մասին է Իսրայելի հետ, որը հետագայում կոչվեց Երկրորդ լիբանանյան պատերազմ, և որն ավարտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N1701 բանաձևի ընդունմամբ։ Այն, մասնավորապես, կոչ էր անում անհապաղ դադարեցնել կրակը, իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից և փոխարինել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերով (UNIFIL)՝ այս երկրի հարավում տեղակայված խաղաղապահներով, ինչպես նաև զինաթափել «Հըզբոլլահ»-ն և դրա ստորաբաժանումները դուրս բերել Էլ-Լիտանի գետի տարածքից: Սակայն, «Հըզբոլլահ»-ի զինյալները վայր չեն դրել զենքերը և չեն նահանջել այն վայրից, որը   լիբանանա-իսրայելական սահմանից մոտ 40 կիլոմետր դեպի հյուսիս է։

«Իսրայելը խնդիր է դրել վերականգնել իր հյուսիսային հատվածի խաղաղությունն ու անվտանգությունը, ինչն էլ ենթադրում է վերադարձնել հյուսիսային Իսրայելից տեղահանված ժողովրդին: Դրա համար նախապայման են համարում  հարավային Լիբանանում բուֆերային, անվտանգության գոտու ձևավորումը»,- ասաց Գանտահարյանը: 

Նկատենք, որ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարեց, որ համաձայն չէ հրադադարի հաստատմանը: MediaHub-ի ճշտող հարցին՝ կլինե՞ն, արդյոք, ցամաքաին գործողություններ, մեր զրուցակիցը նշեց.

«Դեռևս շատ անորոշ վիճակ է: Համաձայն տարածվող լուրերի` Միացյալ Նահանգները ճնշում է, որ Իսրայելը ցամաքային ներխուժում չանի, իսկ իսրայելական աղբյուրները խոսում են սահմանին կուտակումների և համապատասխան բաժանմունքների որոշման մասին, համաձայն որի ներխուժումը անխուսափելի է»,- ասաց նա:

Նշենք նաև, որ «Հըզբոլլահ»-ի ընդհանուր քարտուղարի տեղակալը հայտարարեց, որ իր կուսակցությունը հանձնառու է նույն վարքագիծը շարունակելու, դիմադրելու և ցամաքային  ներխուժման դեպքում իրենք պատրաստ են դիմադրել իսրայելական զորքերին:

«Փախստականների ալիքը շարունակվում է և պետությունը, կառավարությունը փորձում է համապատասխան միջոցառումների դիմել: Գիտեք ճգնաժամերի կուտակում է՝ քաղաքական անորոշություն, ֆինանսա-տնտեսական տագնապ, անվտանգային խնդիրներ, փախստականների ալիք և դրանից բխող ծանր հետևանքներ»,- ասաց նա՝ հավելելով, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում երկրի հարավային հատվածներում և Բեյրութի արվարձաններում, որտեղից  տասնյակ հազարավոր ներքին փախստականներ տեղափոխվում են դեպի երկրի համեմատաբար ապահով շրջաններ:

Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` Գանտահարյանը նշեց.  

«Լիբանանահայ համայնքի մասով ասեմ, որ այս վերջին թեժ իրադարձություններից առաջ քաղաքական կուսակցությունները հերթական նիստն են անցկացրել, քննարկել տարբեր սցենարների դեպքում համակարգված աշխատելու, հատկապես փախստականների հարցերը համակարգելու խնդիրները:  Հանդիպել են նաև հայկական մարդասիրական խմբերը, հայ բարեսիրական միությունների ներկայացուցիչները, քննարկել են փախստականների կենցաղային, դեղորայքային, սննդի խնդիրները լուծելու հարցերը՝ ռազմական գործողությունների հայաբնակ շրջաններ հասնելու դեպքում:  

Այո, այժմ հայ համայնքը հեռու է բախումների գոտուց, բայց բնական է, որ կրում է այն ծանր հետևանքները, ինչ Լիբանանի ժողովուրդը. քաղաքական անորոշություն, ֆինանասական ճգնաժամ, ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված անապահով իրավիճակ»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով թռիչքների հետ կապված խնդիրներին` մեր զրուցակիցը նշեց, որ օդանավակայանն աշխատում է, բայց բազմաթիվ ավիաընկերություններ իրենց թռիչքներն առկախել են կամ չեղարկել: Լիբանանյան ավիաընկերությունը շարունակում է իրականացնել թռիչքներ, բայց այլ խնդիր է օդանավակայան հասնելը, քանի որ ճանապարհը այնքան էլ ապահով չէ, այն անմիջականորեն անցնում է Բեյրութի հարավային արվարձաններով:

«Այս պահի դրությամբ այս հանգամանքներն են»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանում:

Ռեբեկա Հովհաննիսյան