Ադրբեջանը փորձում է թելադրել ոչ միայն Հայաստանին, այլ նաև հարևան երկրներին․ Մելիքյան

Ադրբեջանը փորձում է թելադրել ոչ միայն Հայաստանին, այլ նաև հարևան երկրներին․ Մելիքյան

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել էր Թբիլիսի, որտեղ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Արցախի հայաթափման ու հանձնման, տարածաշրջանում վերջին զարգացումների ֆոնին այս այցը ոչ միայն հետաքրքիր է, այլև մտահոգիչ՝ Հայաստանի համար:

Ի՞նչ է նշանակում Ալիևի և Ղարիբաշվիլիի հանդիպումը, ի՞նչ պետք է սպասի Հայաստանը, արդյոք Վրաստանը կմասնակցի ՀՀ դեմ հնարավոր պատերազմին և արդյոք «3+3» ձևաչափը կենսունակ է. այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

«Ալիևը իրեն համարում է հաղթանակած ղեկավար, ինքը փորձում է ամրապնդի իր հաղթանակը արտաքին հարաբերություններում։ Ալիևը դիմում է Հայաստանին՝ ասելով, թե ճանաչեք այսօրվա իրողությունը և գուցե լավ կլինի, չնայած ոչ մի երաշխիք դրա համար չկա։ Առաջարկ է հնչել Վրաստանը որպես միջնորդ դիտարկել, բայց  այս հարթակում առաջատար դիրքերը Ադրբեջանինն են, քանի որ Վրաստանը տնտեսապես շատ կախվածություն ունի Ադրբեջանից»,- ասաց Մելիքյանը։

Ըստ նրա, Հայաստանը պետք է հայտարարի, որ դեմ չէ Վրաստանի հարթակում ինչ-որ հանդիպումներից։ Ավելին՝ Հայաստանը պետք է ջանքեր ցուցաբերի և ակտիվ քաղաքականություն վարի։ Այդ ձևաչափում  թույլ չլինելու համար պետք է պահպանողական լինել, ասում է փորձագետը, շարունակել աշխատել եղած հարթակներում՝ և՛ բրյուսելյան, և՛ մոսկովյան, և այլ հարթակներում փնտրել լուծումներ։ 

«Եթե Ադրբեջանը փորձելու է «2+2» ձևաչափ առաջ քաշել Թուրքիայի և Ռուսաստանի հետ, ապա այս պարագայում Հայաստանին ավելի ձեռնտու է «3+3» ձևաչափը։ Այժմ դե ֆակտո 3+2 են, բայց գուցե Վրաստանը ներկայացված լինի ապագա հանդիպումներին։

Հայաստանը չպետք է հրաժարվի եղած ֆորմատներից, բայց միանշանակ ավելի ձեռնտու է «3+3»-ը։ Ադրբեջանը փորձում է իր ուժեղ դիրքերից թելադրել ոչ միայն մեր օրակարգը և տարածաշրջանին վերաբերվող հարցերը, այլ նաև հարևան երկրներին»,- շեշտեց Ջոնի Մելիքյանը։

Այդ դեպքում ի՞նչ անել: Ըստ վրացագետի, օրինակ՝ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է փորձ արվի ամրապնդել, հասկանալ ռիսկերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակվելու մասով.

«Քանի որ այդ ռիսկերը շատ բարձր են, դրա համար պետք է աշխատել Հայաստան-Իրան հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Սա կարևոր օրակարգ է մեզ համար»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մարիաննա Արամյան