Ոuտիկանները «тоже плачут». հույս ունեն՝ ցույցերի ավարտին պարգևավճար կստանան

Այս օրերին, երբ Երևանում և Տավուշում ծավալվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաները, ամբողջ իրավապահ համակարգը ծանրաբեռնված է աշխատում։ Եւ ոչ միայն իրավապահ համակարգը, նաև լրատվադաշտն է այս շարժմամբ ծանրաբեռնված, և հաճախ 24/7 ռեժինով են աշխատում բոլորը։
Հատկապես բարդ է ոստիկանների աշխատանքը, որոնցից շատերը, թեև այս օրերին արդարացիորեն արժանանում են հասարակության լուտանքներին, քանզի իրենց անմարդկային և ապօրինի գործողություններով հասցնում են դրան, բայց շատերը ուղղակի ճարահատյալ են հայտնվում հասարակության ու իշխանության միջև պատնեշի դերում։
Այս օրերին ոստիկանների մեծ մասը լինում է՝ օրերով տուն չեն գնում, Նիկոլ Փաշինյանի պահանջներն են բավարարում Երևանում կամ Կիրանցում։ Ու թեև մենք գիտենք, որ ոստիկանները իրենց պահվածքով փորձում են ամեն կերպ արժանանալ պարգևավճարների և դրամական այլ խրախուսումների, հատկապես սև և կարմիր բերետավորները, որոնց խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառումն աննախադեպ ծավալներ ու երանգներ ունի, պարզվեց՝ շարժման մեկնարկից մինչ օրս ոստիկանական համակարգում որևէ մեկը դեռ պարգևավճար չի ստացել։
Ոստիկանները, հատկապես՝ շարքային ծառայողները, ոչ թե կարմիր կամ սև բերետավորները, մասնավոր զրույցներում դժգոհում են, որ այսքան չլվում են, տանջվում, Երևանից հասնում Կիրանց, արժանանում ժողովրդի անեծքներին ու հայհոյանքներին, ծառայության բերումով ստիպված լինում այդ ամենը կուլ տալ, լսում են մեղադրանքներ, թե միլիոններով պարգևավճար են ստանում, դրա համար են «ժողովրդի դեմ այդպես պայքարում», բայց ոչ մի կոպեկ էլ մինչ օրս չեն ստացել։
Ընդ որում, ոստիկանության ամբողջ համակարգում է այս վիճակը։
Ոստիկանությունից MediaHub-ին այդպես էլ ասացին, որ ոչ մի կոպեկ պարգևավճար մինչ օրս չեն ստացել։ Բայց հույս ունեն՝ ցույցերը, որ ավարտվեն, ինչ-որ պահի գոնե պարգևավճար կստանան։
Վահե Մակարյան