Միրզոյանն ու Բայրամովը խաղաղության պայմանագրի ստորագրմանն են անդրադարձել․ ինչ են ասել

Միրզոյանն ու Բայրամովը խաղաղության պայմանագրի ստորագրմանն են անդրադարձել․ ինչ են ասել

Երկու հիմնական խոչընդոտների վերացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք կարծում ենք, որ այս անհրաժեշտ քայլերից հետո հավելյալ խոչընդոտներ չեն լինի երկու երկրների միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի վերջնական ձևակերպման և ստորագրման համար»,- նշել է նա։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո հակամարտություն չկա, բայց դե յուրե դեռևս չկա ստորագրված խաղաղության պայմանագիր։

«Այժմ մեր նպատակն է որոշել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը և օրը։ Կարծում ենք, որ սա հարաբերությունների հաստատման սկիզբն է»,– ասել է Միրզոյանը։