Գնում եմ ոստիկանություն․ Հովիկ Աղազարյանը վիճե՞լ է կարտոֆիլ վաճառողների հետ

Գնում եմ ոստիկանություն․ Հովիկ Աղազարյանը վիճե՞լ է կարտոֆիլ վաճառողների հետ

Քիչ առաջ MediaHub-ին մի քաղաքացի ահազանգեց, որ Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում մի տհաճ միջադեպի է ականատես եղել:

Նրա խոսքով,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու այդ փողոցում կարտոֆիլ վաճառողների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, հնչեցվել են վիրավորանքներ.

«Ես ապշած եմ, պատգամավորը կարտոֆիլի պարկն առավ՝ շաղ էր տալիս միջի եղածը վաճառողների վրա, իրար ինչ ասես ասացին»,- փոխանցեց քաղաքացին։

Նրա խոսքով, միջադեպը մի քանի րոպե շարունակ փողոցում գտնվող բոլոր մարդկանց ուշադրությունն իր վրա է սևեռել.

«Խայտառակություն էր»,- ասաց մեր զրուցակիցը:

MediaHub-ը կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ, որը նշեց․

«Հիմա ոստիկանություն եմ գնում, կզանգեմ ավելի ուշ»։

Վե՞ճ է եղել, ճի՞շտ են մեզ հասած լուրերը, թե՞ այլ պատճառով է գնում ոստիկանություն. Հովիկ Աղազարյանը չպատասխանեց՝ կրկնելով, որ ավելի ուշ մեզ հետ կապ կհաստատի։ 

Ի դեպ, ավելի շուտ տեսանք, որ միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը.

«ՀՐԱՏԱՊ. 
րոպեներ առաջ ք.պ պատգամավոր աղազարյան հովոն գոտեմարտի էր բռնվել Տիգրանյան փողոցի կարտոֆիլ վաճառողների հետ, քաշքշուկի հայհոյախառը վեճի արդյունքում հովոն արժանացելա վերջին հայհոյանքներին ու կրել դիրքային կորուստ, պատճառը փողոցում կարտոֆիլի վաճառքնա»,-
գրել էր նախկին պատգամավորը: 

Սպասենք զարգացումների:

Նարե Գնունի