Պարտության մեջ մեղավոր ենք բոլորս, բայց դավաճան է մեկ հոգի

Պարտության մեջ մեղավոր ենք բոլորս, բայց դավաճան է մեկ հոգի

Ուղիղ չորս տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ դեռ արծրունիզմը իր ամբողջ ուժով չէր թափանցել համացանց ու կերել մարդկանց ուղեղները, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում հանդես եկավ առաջին ու գլխավոր «արծրունությամբ»։ Նա հայտարարեց, որ մեզ հաղթել հնարավոր չէ։

«Մեզ հաղթել հնարավոր չէ: Մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև հաղթանակը, Արցախյան հերոսամարտի հաղթանակը, որն անցել է պարտությունների միջով, որը անցել է կորուստների միջով, բայց որը ի վերջո պսակվել է որպես հաղթանակ, այդ հաղթանակը հոսում է մեր երակներում և այդ հաղթանակը նստած է մեր գիտակցության մեջ: Այդ հաղթանակը մեր ողնաշարն է, այդ հաղթանակը մեր ինքնությունն է: Այս պատճառով մեզ հաղթել հնարավոր չէ, և այսօրվա քննարկումը դա ևս մեկ անգամ ապացուցեց: Եվ ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կամքը՝ հաղթելու կամքը, հայ ժողովրդի ազատությունը, իրավունքները և երջանկությունը պաշտպանելու կամքը»,- հայտարարեց դիմակով վարչապետը՝ դահլիճում նստած անդեմ թիմակիցների ու շուտով իր դիմագիծը կորցնող հասարակության առջև։

Իսկ ընդամենը մեկ-երկու ժամ առաջ այդ նույն դիմակով վարչապետը իր ելույթի սկզբում հանրությանը նախապատրաստում էր պարտության՝ տագնապահար հայտարարելով, թե «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու»։

Հետո զգաց, որ մի բան էն չի ասել, ու որոշեց եզրափակիչ ելույթում «դուխ» տալ ժողովրդին, թե «մեզ հաղթել հնարավոր չէ»։ Ու գործի անցավ Նիկոլ Փաշինյանի դավաճանության և անփառունակ «հաղթանակի» գլխավոր հրձիգն ու «Լևիտանը»՝ Արծրուն Հովհաննիսյանը, և սկսեց «Հաղթելու ենք» հեշթեգերով բթացնել մարդկանց ուղեղները։ Ամեն օր մենք նոր զոհեր ու նոր տարածքային կորուստներ էինք ունենում, և ամեն օր Արծրունը՝ իր նիկոլիզմով, Նիկոլն ու Աննան՝ իրենց «արծրունիզմով», հասարակության մեջ սերմանում էին «հաղթանակի» միֆը։ Մինչդեռ, պլանը պարտությունն էր՝ ուղղորդված դավադրությամբ ու դավաճանությամբ։

Այո, երեսուն տարվա մեր հաղթանակը մսխելու և 44-օրյա պատերազմում պարտվելու մեղավորը բոլորս ենք՝ նախկինները, էլ ավելի նախկինները, նրանցից ավելի նախկինները, որոնք չեն կարողացել այս տարիներին լուծել արցախյան հիմնահարցն այնպես, որ բանը պատերազմին չհասցներ։ Մեղավոր են նաև մամուլի միջոցները, բանակի հաշվին հարստացածները, բանակում կոռուպցիայով ու թալանով զբաղվածները, բանակը զինելու փոխարեն վիլլաներ կառուցածները, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի միֆը սերմանածներն ու այսպես շարունակ։

Գուցե մեղավոր եմ նաև ես, բայց դավաճան է Նիկոլը։ Բոլորը մեղավոր են, մի մասը՝ պատասխանատու, իսկ դավաճան՝ Նիկոլն ու նրա թիմը։ Հետևաբար, բոլորը պետք է իրենց բաժին պատիժն ու պատասխանատվությունը կրեն, թե ինչու արեցին այնպես, որ այսպես եղավ, ինչու հասցրին նրան, որ Նիկոլի պես դավաճանը եկավ իշխանության, ով աճեցրեց նրան, ով դարձրեց գործոն, ով հանեց փողոց, ով բերեց իշխանության, ով և ովքեր են մինչև հիմա պահում նրան իշխանության..., բայց միևնույն է, պատերազմի պահին երկրի ղեկին եղել է նա, ամբողջ պատասխանատվությունը եղել է նրա ուսերին, ու նա այդ պատասխանատվությունը կրել է դավաճանաբար՝ անելով այնպես, որ մենք ունենանք հազարավոր զոհեր՝ հանուն ոչնչի։ 

Հուլիսյան դեպքերը արհեստական սարքած ու «մոլորված Ուազիկի» և ադրբեջանական մի քնձռոտ դիրք գրավելու «հերոսական» պատմությամբ հանրությանը սնեց «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը» ունենալու միֆերով՝ դրանով գրգռելով Ադրբեջանին և սադրելով 44-օրյա պատերազմը, որը պետք է հանգեցներ մեր երազանքների փոշիացմանը, իր ու իր խմբակի երազանքների իրականացմանը։ Դա Արցախի կորուստն էր ու մեր ինքնության վերացումը, մեր պետականության հիմքերի խարխլումը։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանն արել է դիտավորյալ և դավաճանաբար, և դա քաղաքագիտական աքսիոմ է։ Դրա իրավաբանական հիմնավորումը կարող էին տալ այն ժամանակվա դատախազ Արթուր Դավթյանը, որը չարեց, բնականաբար, քանզի մի «նիկոլ» էլ ինքն էր, կարող է անել ներկայիս դատախազ Աննա Վարդապետյանը, որը նույնպես չի անի՝ շատ տրամաբանական պատճառներով։ 

Վահե Մակարյան