Ալեն Սիմոնյանն իր ճաշակով է դիտորդներ գործուղում, Երեւանի ավագանու դեմ հերթական հայցը կներկայացվի. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ծանուցում են ստացել Երեւան քաղաքի դատարանից, որ ներկայանան դատարան՝ հարցաքննության: Նրանք ներկայացել ու հարցաքննվել են:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսեւորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել ՔՊ պատգամավորի ձախ հոնքին:
Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, եւ Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել:
Դատաքննությունը դեռևս շարունակվում է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Իշխանությունների՝ հոգեւորականների դեմ պայքարը ներխուժում է ներանձնական տարածք։ Փետրվարի 23-ին Երեւանից Գյումրի գործուղված ոստիկանական ուժերը բերման են ենթարկել իշխանությունների կոկորդին կանգնած Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդուն։ 31-ամյա երիտասարդին բերման են ենթարկել իբր թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում․ Շիրակի «քաղմասում» նրան դաժան ծեծի են ենթարկել, նոր միայն բաց թողել։
Աջապահյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ մանրամասներ պատմեց․ «Երեւանից էին` ինչ-որ հատուկ վարչությունից, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում են բերման ենթարկել, քաղաքից 15-20 հոգու բերման են ենթարկել՝ ներառյալ իմ եղբորորդուն: Բնականաբար, ընտանիքի անդամներին ահաբեկելով՝ առավոտ լուսումութին, հետո էլ ծեծի են ենթարկել։ Սա արել են Երեւանի ոստիկանները, Գյումրիի ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ»։ Աջապահյանի եղբորորդին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հարցրինք՝ կատարվածը պայմանավորվա՞ծ է իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ։ «Իրենց հարցրեք․․․ Եթե 15-20 հոգի բերման է ենթարկվում, բայց միայն մեկին են ծեծի ենթարկում, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Այս անգամ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը:
Այսպիսով, դեռ փետրվարի 7-ի նիստում, Երեւանի ավագանու որոշմամբ, ընդդիմադիր 3 անդամ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատներից:
Ավագանու որոշման հիմքում անհարգելի բացականերն էին եւ նախագծերի քվեարկություններին չմասնակցելը, որոնք եղել են բացառապես քաղաքական նպատակներով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ այս որոշման, եւ վիճարկել Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։
«Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հարցը ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին», – մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան»-ը եւս հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։ 4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաեւ Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը եւ «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի Արմեն Գեւորգյանը:
Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որեւէ պատգամավոր ընդգրկված չէ: Ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը սրանով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այս խմբակցության նկատմամբ։