Մեր իշխանությունն Արցախը Ռուսաստանի գրպանը չի գցել․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Երևանի քաղաքապետարանում էր։ Նա նախագիծ էր բերել, որպեսզի երևանյան դպրոցներից մեկն անվանակոչվի «Ադմիրալ Սամոյի» անունով։
Իսկ այժմ ունե՞նք մարդիկ, որոնք կդառնան հետագա «ադմիրալներ». MediaHub-ի հարցին ի պատասխան Միքայելյանը վստահ պատասխանեց՝ այո։ Հարցին, թե արդյոք «Ադմիրալ Սամո» ունեցող ազգը կարո՞ղ է բանակում «հինգերորդ շարասյուն» ունենալ, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ 

«Դե էդ նենց բան ա, որ․․․ դուք գիտեք՝ ինչ եղավ այս պատերազմում, ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, ժամանակը ցույց կտա։ Եթե էդքան բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել, ուրեմն կար»։ 

Դիտարկմանը, որ Փաշինյանը երեկ ասաց նաև, որ էսկալացիայի վտանգ կա, նման արձանագրում ԵԿՄ-ն է՞լ է արել, Միքայելյանն արձագանքեց․ 

«Հիմա սահմաններում հանգիստ ա, ԵԿՄ-ից 600 հոգի մարդ կա կանգնած, մենք մեր բանակի կողքին ենք։ Սահմանում ձյուն ա երկու-երեք մետր, ճանապարհը փակ ա»։ 

Հայաստանի սահմանն ամուր ենք պահում, բայց երեկ հայտարարվեց, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չենք, Ռուսաստանն է այդ հարցով զբաղվում։

Ըստ Միքայելյանի՝ դա մեծ քաղաքականություն է, դիվանագիտական խնդիր է։ 

«Ես կարամ իմ տեսակետը հայտնեմ, բայց լռում եմ։ Արցախը չի կարա ոչ մեկ թողնի, չի թողել, էսօր իրավիճակից ելնելով պիտի կամաց-կամաց մեր գործն անենք»,- նշեց նա։ 

Հարցին, թե ո՞նց պիտի լինենք Արցախի անվտանգության երաշխավորը, եթե Փաշինյանն այդ ամենը Ռուսաստանի «գրպանն է գցել», Միքայելյանն արձագանքեց․ 

«Ռուսաստանի գրպանը ոչինչ չի ընկել, մեր իշխանությունները ոչինչ չեն գցել։ Խոշոր տերությունների վերադասավորում է տեղի ունենում։ Ես ուզում եմ էդ հարցին չպատասխանել, քանի որ պիտի խելոք լինենք։ Երբեք ոչ մի հայ, ոչ մի հայ պաշտոնյա Արցախը չի կարա գցի ուրիշի գրպանը, ու չի էլ գցելու»։ 

Իսկ հարցին, թե Արցախն էլ Ադրբեջանի կազմում չի՞ լինելու, Միքայելյանը չպատասխանեց։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարե Գնունի