Արմավիրցիներ սպասեք, մի օր անպայման տրանսպորտ կլինի

Արմավիրցիներ սպասեք, մի օր անպայման տրանսպորտ կլինի

Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր համայքների բնակիչները շարունակում են սպասել, թե երբ ի վերջո հանրային տրանսպորտը կաշխատի ու մարդիկ կկարողանան գալ Երևան․ մեկն աշխատելու, մյուսը՝ սովորելու, երրորդն էլ՝ այլ խնդրով։ 

Երեք-չորս օր է, ինչ համայնքները սպասարկող մեքենաները դուրս չեն գալիս երթուղի։ Պատճառն այն է, որ «Գալակտիկա տրանս» մասնավոր ընկերության մեքենաները պարեկները կանգնեցնում են, ապա տանում տուգանային հրապարակ։

Խնդիրն այն է, որ մեքենաները ՏԿԵՆ-ից անհրաժեշտ տեղեկանք դեռ չեն ստացել, որի պատճառով չեն կարող տեխզննում անցնել։

Հիշեցնենք նաև, որ մարզը սպասարկելու համար մրցույթում հաղթել է  «Գալակտիկա տրանս» ընկերությունը, սակայն ՏԿԵՆ-ը անվավեր է հայտարարել մրցույթի արդյունքները։ Դրանից հետո ընկերությունը դատի է տվել նախարարությանը և առաջին ատյանում հաղթել է, հիմա գործը քննվում է Վերաքննիչ դատարանում։

Իրավական գործընթացը մի կողմ․ խնդիրն այն է, որ մարզաբնակները չգիտեն՝ ինչ անել, երբ տրանսպորտ կլինի։

Մեզ ահազանգած տասնյակ քաղաքացիներ նշում են, որ եթե Արմավիր քաղաքի բնակիչները կարողանում են ավտոկայանում կանգնած մասնավոր  տաքսիներից օգտվել, ապա Մեծամորից կամ ճանապարհից նստողները ժամերով կանգնած են մնում ճանապարհին։

«Երեկ Ջանֆիդայի գազելով մի կերպ խցկված կարողացա հասնել Երևան, այսօր դա էլ չկար, հետ եմ դարձել տուն»,- MediaHub-ին ասաց մեզ հետ կապ հաստատած բնակիչներից մեկը։

Արմավիրի մարզպետարանից պարզաբանում են՝ խնդիրը քննարկվել է Հայավտոկայանի և ՏԿԵՆ ոլորտային պատասխանատուների հետ, և առաջիկայում երթուղու ժամանակավոր սպասարկման մրցույթ կհայտարարվի։

«Հետևողական ենք այս հարցում»,- MediaHub-ին վստահեցրեց մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Իսկ նախքան մրցույթը ի՞նչ պիտի անեն արմավիրցիները, կամ արդյո՞ք իրավունք կա նոր մրցույթ հայտարարելու, եթե իրավական գործընթաց կա, փորձեցինք պարզել ՏԿԵՆ-ից, սակայն հստակ պատասխան այդպես էլ չստացանք։ «Խնդրին տեղյակ ենք, ամեն ինչ անում ենք, որ առաջիկայում խնդիրը լուծվի»,- մեզ հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

Ի՞նչ ասել է առաջիկայում՝ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից, պարզել չհաջողվեց։ «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- ամփոփեց խոսքը Հարությունյանը։

Նարե Գնունի