Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է ՀՀ-ում ապրող հայության համար

Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է ՀՀ-ում ապրող հայության համար

«2025 թվականի փետրվարի 19-ին, ժողովրդին ուղղված ուղերձում Արցախի Հանրապետությունը ցեղասպան Թուրքիայի կովկասյան կցորդ, խամաճիկային կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ նրա՝ «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»: Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2024թ. հունվարի 18-ին այցելելով ՀՀ Արդարադատության նախարարություն նա, մասնավորաբար, հայտարարել էր. «…մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։ 

Նիկոլ Փաշինյանից առաջ՝ դեռևս 2021 թվականին թշնամի Ադրբեջանի նախագահ Ալիևն էր հայտարարել ՀՀ-ում նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2021 թվականի սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում նա   հայտարարել էր, մեջբերում ենք. «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանի Սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան, նրանք պետք է հրաժարվեն դրանից։ Առաջին հերթին նրանք պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն»։

Իսկ որո՞նք են ՀՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք անհանգստացնում են նավթային դիկտատոր Իլհամին: 

«ՀՀ Սահմանադրության նախաբանի մեջ հղում է արված Հայաստանի անկախության հռչակագրին․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, …ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: …Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Ահա այս արձանագրումներն են անհանգստացնում օկուպանտ և ցեղասպան Իլհամին և նրա քաղաքական հոգեհայր՝ օկուպանտ և ցեղասպան Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- ասում է քաղաքագետը: 

Արդյո՞ք նոր Սահմանադրություն ունենալու մասին Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի հունվարի 18-ի և 2025-ի փետրվարի 19-ի հայտարարությունները նշանակում են, որ նա ցանկանում է ՀՀ մայր փաստաթղթից հանել Թուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված խնդրահարույց դրույթները՝ այդպիսով կատարելով Իլհամի հերթական պահանջը: 

«Մասամբ՝ այո, քանի որ 2023 թվականի մայիսի 22-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է: Սակայն, հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ: Այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված ՀՀ Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության»

Ստեփան Հասան-Ջալալյանի համոզմամբ՝ հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից հորջորջվում են ադրբեջանցիներ անունով, համատեղ գոյակցությունը առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ:

«Ի՞նչ հիմքեր կան նման պնդում անելու համար: Այսպես, Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002 թվականի հունիսի 28-ի զեկույցում, մասնավորաբար, արձանագրել է. «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: Հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար»: Իսկ ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած եզրափակիչ դիտարկումներում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը. «Ադրբեջանում առկա է ռասսայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից։ Դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասսայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ»»,- մեջբերում է քաղաքագետը:

Եթե այս անհերքելի, ըստ որում՝ առավելագույն չափով անկողմնակալ փաստերի ճնշման ներքո որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ հնարավոր է և պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա, շեշտեց մեր զրուցակիցը, նման մարդկանց տվյալ վարքագծին կարելի է տալ առնվազն երկու պատճառաբանություն․ կա՛մ այդ մարդիկ հասկանալու, ընկալելու հետ կապված խնդիր ունեն, որտեղ քաղաքագետները ոչինչ չեն կարող անել, և նման դեպքերն այլ մասնագետների ուսումնասիրման տիրույթում են, կա՛մ այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ցեղասպան Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի հետ, պարզապես անձնապես իրենք և իրենց նեղ խումբը, ըստ երևույթին, ունենալով որոշակի շահագրգռություն թուրք-ադրբեջանական տանդեմից, պնդում են, որ բոլոր դեպքերում պետք է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Քաղաքագետի հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում շարունակվելու են առավելապես սպասարկվել Թուրքիայի և Ադրբեջանի շահերն ի հաշիվ օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի: 

«Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին»,- հավելեց նա:

Հունան Թադևոսյան