Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

«Ադամանդե ձեռքը» ֆիլմի նոր էկրանավորում՝ ՔՊ-ականների մասնակցությամբ

Blog Image

Հիշում եք չէ՞ « Ադամանդե ձեռքը» ֆիլմում հայտնի արտահայտությունը. «Ես մեղավոր չեմ, ինքը եկավ»։ Եթե այո, ապա պատկերացրեք նույն վիճակն է ՔՊ-ի մոտ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ իրենք տարածքային կորուստներ չեն ունեցել, այդ Ադրբեջանն է հարձակվել ու օկուպացրել Վայոց Ձորի տարածքները, ու դրանում իրենք մեղավոր չեն։ Ըստ տրամաբանության՝ իրենք մեղավոր չեն, մեղավորը միայն Ադրբեջանն է ու քանի որ իրենք մեղավոր չեն, հետևաբար Հայաստանը տարածքային կորուստներ չունի։

Նման հայտարարությունը բացի քաղաքական նոնսենս լինելուց, նաև բարոյական խնդիր ունի։ Փաստ է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները։ Փաստ է նաև, որ Ադրբեջանը, որպես թշնամի, կուզենար օկուպացնել ողջ Հայաստանը։ Փաստ է նաև այն, որ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն կատարում հետ բերելու ՀՀ ինքնիշխան տարածքները, այլ խելակորույս նետվում են Ադրբեջանի գիրկը ու սերունդներին կուտակում նոր պատերազմ։ Այո, Նիկոլ Փաշինյանը, առանց լուծելու առկա խնդիրները, «Խաղաղության պայմանագիրը» շահարկելով սեփական իշխանության վերարտադրության համար, իրականում ոչ թե Հայաստանը տանում է դեպի «խաղաղության դարաշրջան», այլ դեպի նոր պատերազմ։ Թուրքերին քիչ թե շատ ծանոթ մարդը կարող է հավաստել, որ նրանք երբեք ինքնակամ ոչ մի տարածք չեն հանձնի, եթե պարտադրանք չլինի, իսկ պարտադրանք գոյություն չունի, ո՛չ ռազմական, ո՛չ էլ քաղաքական-դիվանագիտական առումով։ Հետևաբար, հետագայում Հայաստանին մնում է երկու տարբերակ. կա՛մ պատերազմի միջոցով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, կա՛մ մոռանալ իր սեփական հողերի մասին։

Թե որ ճանապարհը կընտրեն սերունդները կամ հաջորդ իշխանությունները, ցույց կտա ապագան, սակայն ՔՊ-ական երեսպաշտությունը պարզապես նողկանք է առաջացնում։ Մեղքի զրոյական գիտակցում, զրոյական ապաշխարանք ու քաղաքական զրոյական պատասխանատվություն։

Նույն տրամաբանությամբ ՔՊ-ն կարող է պնդել, որ 44-օրյա պատերազմի հետ իրենք ոչ մի առնչություն չունեն, շուրջ 5000 զոհերն իրենց հետ որևէ կապ չունեն, Արցախի ամբողջական հայաթափման մեջ մեղքի ոչ մի չափաբաժին չունեն։ Ու զարմանալ պետք չէ, եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ հետիոտնը ընկել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՀ վարչապետի ավտոշարասյան տակ, ապա ինչու մյուս ՔՊ-ականները պետք է որևէ պատասխանատվություն ստանձնեն ինչ-որ տարածքի, ինչ-որ սարի, ինչ-որ լճի կամ ինչ-որ ճանապարհի համար։

Բայց այստեղ առաջանում է մի պարզ հարց, որ եթե դուք որպես իշխանություն ոչ մի բանում մեղավոր չեք ու ոչինչի համար պատասխանատվություն չեք կրում, ապա ո՞ւմ եք պետք առհասարակ։

Կարեն Կարապետյան

Send