Մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ, Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. Մամուլը՝ սուրճով
«Հրապարակ» թերթը գրում է․
«Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։ Բայց նույն Սարգսյանը շուրջ 6 տարի խոպանչի է եղել։ Ըստ նրա պաշտոնական կենսագրության, 2009-2015 թթ․ նա Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2018 թթ․-ն սեւ խոռոչ է` ոչինչ չկա․ կա՛մ չի աշխատել, կա՛մ ամաչել է գրել, թե ինչ է արել: 2018-ին պատգամավորի թեկնածու է եղել, բայց պատգամավոր չի դարձել: 2019-ին նշանակվել է Գեղարքունիքի ՋՕԸ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, 2020-21 թթ․՝ Ջրային կոմիտեի նախագահ, 2021 թ. սեպտեմբերից` մարզպետ։
Մի ուշագրավ նրբություն էլ․ նա «2016թ.-ին ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում», այսինքն՝ 8 տարի: Թե ինչպես է նման կենսագրություն ունեցող մարդը մի ողջ մարզի բնակչությանն աշխատանքով ապահովելու, երբ 3-4 տարի աշխատանք չի գտել եւ ոչ մի կերպ չի կարողանում ուսումն ավարտել, պարզ չէ: Նշենք, որ միայն Մարտունի քաղաքի բնակչությունը 12 հազար է, չհաշված 18 գյուղերի բնակչությանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ՀՀ իշխանություններն են անընդհատ խոսում, թե ԵԱՏՄ շուկան ՀՀ արտահանումների ծավալի համար առանձնակի նշանակություն ունի (վկան՝ 2023 թ. ցուցանիշները), այնուհանդերձ, մեր ունեցած տեղեկություններով, «ներսում» լրիվ այլ տրամադրություններ կան։ Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին ոչ մեկ անգամ ակնարկել է, թե Արևմուտքից բացահայտ ճնշում կա՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հետ կապված, և ինքը չի կարող պարզապես ձեռքը թափ տալ այդ պահանջների վրա։
Մեր տեղեկություններով, այս հարցում ևս, ինչպես իր մնացած քայլերում, Փաշինյանը փորձելու է թեման գցել ժողովրդի «գրպանը» և դեպքերն այնպես դասավորել, որ հերթական անգամ ասի՝ «դե, ես ի՞նչ կարող էի անել, հպարտ քաղաքացին է պահանջում»։ Ավելին, կան տեղեկություններ, որ առաջիկայում ոչ միայն հակառուսական նոր ալիքներ են գեներացնելու, այլև առանձին վերցրած «օջախները» փորձելու են ուղղորդել այդ տրամաբանության մեջ:
Ըստ մեր զրուցակիցներից մեկի, փորձ է արվել նախօրեին մարտունեցիների կողմից Մարտունի-Գավառ մայրուղու փակումը ևս տեղավորել այս «օպերայի» սցենարում. պատահական չէր, որ Հայաստանի կառավարության դեմ կազմակերպված ակցիայի մեջ կային մասնակիցներ, որոնց կողմից հնչող թեզերի մեծ մասը հակառուսական ու հակաԵԱՏՄ-ական էր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների գնումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ, բացի խոշոր դրամաշնորհներից, ինչպիսին են «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրած 175 մլն 211 հազար դրամ դրամաշնորհը, «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին տված 445 մլն 400 հազար դրամ դրամաշնորհը, նաեւ նախարարությունն այլ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել։
Օրինակ՝ նախարարությունը 30 հազար թելով թղթապանակ է գնել` 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ։
Թղթապանակի բնութագիրը, ըստ պայմանագրի, հետեւյալն է՝ թղթապանակ՝ թելով կապվող, թղթյա, նախատեսված A4 չափի թղթերի համար, ստվարաթղթի խտությունը՝ 400գ/քմ, ստվարաթղթի դիմերեսի սպիտակությունը` 120 (CIE համակարգով), չափսերը՝ 220x315x15մմ, դիմերեսին գրված՝ «ԹՂԹԱՊԱՆԱԿ»: Ապրանքների մատակարարումը, բեռնաթափումը պահեստ իրականացնում է վաճառողը:
Հաջորդ հետաքրքիր գնումը 240 հազար դրամ արժողությամբ պայմանագրի միջոցով ձեռք բերված 2 դրոշներն են, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 120 հազար դրամ»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Արցախցիների վերջին օրերի ակտիվությունը՝ ՀՀ ԱԺ եւ Արցախի պատգամավորների գաղտնի նիստերը, հանրահավաքներին ելույթները, լրջորեն անհանգստացրել է ՀՀ իշխանություններին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել, զրկել պետական մեքենաներից, թիկնազորից։ Նախօրեին ոչ միայն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահին աղմուկով բերման ենթարկեցին, այլեւ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցագիր ուղարկեց նրան՝ ներկայանալու պահանջով։
Թե ինչ քրեական գործի շրջանակներում են հրավիրել, կոմիտեի խոսնակն ասաց՝ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, որեւէ վարույթ հարուցված չէ: Շահրամանյանի փաստաբանն ասում է, որ քննում են նրա դիմումը` ուղղված Վարդապետյանին, որը վերաբերում է Արցախին տրամադրված պետական միջոցների յուրացման մասին հրապարակումները քննելուն եւ կասկածները փարատելուն:
Սակայն նման վարույթ եւս չկա: Իրականում նպատակն արցախցիներին զսպելը, վախեցնելն է, որ դուրս չգան պայքարի: Մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերից ի վեր քննչական մարմիններ արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների են հրավիրում` «բացատրական» աշխատանքներ են տանում, փորձելով կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը։