Ո՞րն է Փաշինյանի «խաղաղության» օրակարգը

Ո՞րն է Փաշինյանի «խաղաղության» օրակարգը

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հայաստանի ԱԳՆ խոսնակն, ըստ էության, դրական է արձագանքել Բաքվից հնչած համանման հայտարարությանը։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հռչակել է «խաղաղության դարաշրջանի» օրակարգը՝ որպես ծրագրային առաջնահերթություն ու այս համատեքստում միանգամայն բնական է համարվում ԱԳՆ խոսնակի հայտարարությունը։

Մյուս կողմից, տակավին անհասկանալի է, թե ինչ ասել է Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» օրակարգը։

Տպավորություն է, որ Փաշինյանը պատերազմի պարտության դաժան ապտակը փորձում է «վաճառել» հասարակության վրա՝ որպես «խաղաղության դարաշրջանի» օրակարգ։
Ինչո՞ւ եմ անում նման կատեգորիկ պնդում։

Բանն այն է, որ մինչև պատերազմը Փաշինյանը հանրությանը ներկայանում էր որպես «ոչմիթիզական»։ Հիշենք նրա ամպագոռգոռ հայտարարությունները Տավուշի լոկալ միջադեպից հետո կամ «Արցախը Հայաստան է և վերջ» խրոխտ կարգախոսը։ Պատերազմից հետո Հայաստանի վարչապետի հռետորաբանությունը 180 աստիճանով փոխվեց․ նա դարձավ «խաղաղության ճնճղուկ»։

Համաձայնեք՝ սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ պարտվողականություն, որը ենթադրում է միակողմանի զիջում հակառակորդին, ինչը քողարկվում է գեղեցիկ նախադասություններով, որոնք ուղղված են հանրության ապակողմնորոշմանը։

Հենց այս համատեքստում եմ նշում, որ Փաշինյանը, ԱԳՆ-ն պետք է բովանդակություն հաղորդեն «խաղաղության դարաշրջանի օրակարգ» բանաձևին, որովհետև Բաքուն արդեն հստակ ձևակերպել է, թե ինչ է իրենից ենթադրում խաղաղության պայմանագրի իր վարկածը։

Բաքվի տրամաբանությամբ՝ դա բխում է Նոյեմբերի 9-ի տրամաբանությունից, արդյո՞ք նույնն է պաշտոնական Երևանի տեսլականը։

Հ․գ- Այսօր սահմանին զինվոր ենք կորցրել։ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ու այս համատեքստում պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է պարզաբանել «խաղաղության դարաշրջանի» օրակարգ ասվածը։

Վահրամ Բագրատյան