Ի՞նչ է Արզաքանցյանի կուսակցության անունը և ե՞րբ է լինելու հիմնադիր համագումարը

Ի՞նչ է Արզաքանցյանի կուսակցության անունը և ե՞րբ է լինելու հիմնադիր համագումարը

 «Ուժը հայրենյաց»․ Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնադրել. անդրանիկ համագումարը տեղի է ունենալու ապրիլի երեքին «Դվին» ռեսորանային համալիրում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Արզաքանցյանը։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ սկսվել է կուսակցության անդամակցության գործընթացը, իր խոսքով՝ բավականին խելացի երիտասարդներ են համախմբվել իր շուրջ։

«Հետաքրքիր, գրագետ երիտասարդներ կան կողքիս, մենք հստակ տեսլական ունենք»,- նշեց Արզաքանցյանը։

Մեր հարցին, թե ո՞րն է լինելու կուսակցության հիմնական առաքելությունը, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց՝ ասելով, որ առաջնային է տնտեսական կայունության ապահովումն ու արտաքին քաղաքականության ճիշտ վարումը։ «Մենք մեր տնտեսությունը պետք է ոտքի հանենք, պետք է կարողանանք ճիշտ արտաքին քաղաքականություն վարել»,- ասաց Արզաքանցյանը։ Մեր հարցին, թե արդյոք տնտեսությանն ու արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերում իր կուսակցությունը կիսում է գործող իշխանությունների քաղաքականությունը, այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընդունելի՞ է իր համար, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց՝ նախ Թուրքիան պետք է ընդունի մեր նախապայմանը և պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Իրենք պետք է ճանաչեն իրենց նախնիների արած ոճրագործությունը, ո՞նց հիմա մենք բարեկամություն անենք թուրքի հետ, մեզ կոտորողի հետ։ Ես կողմ եմ ապաշրջափակմանը, սաղ կյանքս բիզնեսի մեջ եմ եղել, հասկանում եմ, բայց հիմա մեր տեսլականում թուրքերի հետ հարաբերություններ կառուցելը չի մտնում, հասկանո՞ւմ եք»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա նա նշեց, որ անցած երեսուն տարիներին ոչինչ չի արվել Արցախի ազատագրված տարածքները շենացնելու համար․

«Երկու հատ այգի տնկեցին ու վերջ, բայց կարող էին տնտեսություն զարգացնել»։ Իր խոսքի վերջում Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ իր կուսակցության շահը ազգային շահն է, պետության շահը։

Նարե Գևորգյան