Իշխանության պոպուլիզմը․ «ուղեղներ լվանալու» «նուրբ» արվեստը

Իշխանության պոպուլիզմը․ «ուղեղներ լվանալու» «նուրբ» արվեստը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը, որ վերջերս վաճառվել էր հինգ միլիոն դոլարով, կրկին դրվել է կալանքի տակ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը ստուգել վաճառքի գործարքը և պարզել՝ ինչպե՞ս է քրեական գործով անցնող դղյակը հանվել կալանքից ու վաճառվել ընդամենը երկու շաբաթվա մեջ։

Բացի այդ, վարույթից հեռացվել է քննիչը, որը ճանապարհ էր հարթել առանձնատունը կալանքից հանելու համար։ Ավելի վաղ, Գլխավոր դատախազը հրապարակավ մեղադրել էր Հակակոռուպցիոն կոմիտեին այս հարցում շտապ որոշումներ կայացնելու համար։

Բայց ուշադրություն, կալանք չի դրվել հինգ միլիոն դոլարի վրա, որը Աբրահամյանները ստացել էին առանձնատան վաճառքի դիմաց։ 

Պոպուլիզմի դասական դրսեւորում. մի կողմից ցույց են տալիս, թե ինչքան սկզբունքային են կոռուպցիայի դեմ պայքարում, մյուս կողմից ըստ էության, ոչ մի իրական գործողություն չեն կատարում։ Աբրահամյաններն, ի վերջո, կվայելեն 5 միլիոն դոլարը, իսկ կալանքի տակ վերստին հայտնված գույքը մի օր «կազատագրվի», որովհետև կապ չի ունենա նախկին «կոռումպացված» տիրոջ հետ։

Փաշինյանի Հայաստանում այսպիսի «հետեւողական» պայքար է կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույնքան «հետևողականորեն» «սիրում» է ժողովրդին, երբ նրա աղքատության, անհուսության համատեքստում՝ հասարակությանը «նվիրվում» են բացառապես բարի խոսքեր, իսկ իշխանավորների աշխատավարձերն ու պարգևավճարները բարձրանում են անգամներով։

Իսկ Հայաստանում՝ հենց հայտնի դղյակի օրինակով, տեղի է ունենում սեփականության տոտալ վերաբաժանում, ինչի հետևանքով՝ շատ շուտով ականատեսը կդառնանք «հեղափոխական հրաշամանուկների» բուրժուազիայի ստեղծմանը։

Վահրամ Բագրատյան