Նաիրի Հունանյանի եղբորը՝ Կարեն Հունանյանին ներում կշնորհվի՞

Նաիրի Հունանյանի եղբորը՝ Կարեն Հունանյանին ներում կշնորհվի՞

Մամուլը գրել էր, որ կա փաստաթուղթ, որով պարզ է դառնում, որ Նաիրի Հունանյանի եղբայրը՝ Կարեն Հունանյանն արդարադատության նախարարին իրեն ազատ արձակելու վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել։

Ըստ ընթացակարգի՝ փաստաթուղթը արդարադատության նախարարությունը փոխանցում է վարչապետին, որից հետո որոշում է կայացվում։

MediaHub.am-ը Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք նման դիմում ստացվել է Կարեն Հունանյանից։

Ի պատասխան մեր հարցման՝ նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7.1 կետի համաձայն՝ անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման և փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը իրավասու չէ ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել այլ անձանց:

Ըստ էության՝ նախարարությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր տեղեկությունը։

MediaHub.am-ը զրուցեց նաև հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք ինքը նման տեղեկություն ունի։

«Այսօր կապվել եմ ՀՀ արդարադատության նախարարություն և պարզել, որ Կարեն Հունանյանն իսկապես դիմել է ներման հարցերով զբաղվող հանձնաժողովին, որի իրավունքն ուներ։ Այդ հանձնաժողովում գործընթացը գաղտնի է, հետևապես այդքանով սահմանափակվեցին»,- ասաց Բախշյանը։

Նա տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ արդարադատության փոխնախարար Բալյանն իրեն հորդորել է չանհանգստանալ։

«Բայց ես անհանգիստ եմ, քանի այդ տականքներն իրավունք ունեն ներման դիմում գրել։ Ուզում եմ անհանգստությունս փոխանցել ՀՀ արդարադատության նախարար պարոն Գրիգոր Մինասյանին»,- նշեց նա։

MediaHub-ը կհետևի այս գործով զարգացումներին, քանզի ակնհայտ է, որ Կարեն Հունանյանին կհետևի նրա եղբայրը՝ թիվ մեկ ահաբեկիչ Նաիրի Հունանյանը:

Նարե Գնունի