ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի շրջանավարտներին դիպլոմներ են հանձնվել

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի շրջանավարտներին դիպլոմներ են հանձնվել

Տեղի է ունեցել Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Կրթության կազմակերպում», «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառումը։

ԵՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համատեղ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս շատ-շատերին Հայաստանում լուրջ փոփոխությունների մասը կազմելու։ Ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մարզերում աշխատանքը դարձնել գրավիչ, մարզերի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքների խնդիրը լուծել։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն իր շնորհավորական խոսքում հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց ներդրումը կունենան կրթության ոլորտում։

ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում դրամատիկ իրավիճակը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կրթական ծրագրերին տվեց ռազմավարական նշանակություն և դեր։ «Դուք՝ բոլորդ, վաղվա մեր արժեքների, հանրության ապագայի կրողներն ու ձևավորողներն եք»,- նշել է Ասրիյանը։

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Ներսես Խառատյանը, ով դասավանդում է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում, կարևորել է մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցը։ Նրա խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տվել ակադեմիական գիտելիքներ, համակարգային մտածողություն ձեռքբերել, այդ գիտելիքներն ու մտածողությունը համադրել փորձի հետ։