Պակիստանի բանակը հայտնում է Հնդկաստանի հարվածների հետևանքով 24 զոհի մասին

Պակիստանում Հնդկաստանի ռազմական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել՝ 46-ը, հայտնում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդհրիին։
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Գերատեսչությունը նշել է, որ գործողության ընթացքում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է առնվազն ութ և վիրավորվել 35 մարդ։
«Զոհերի մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելով՝ Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդհրին հայտնել է, որ Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով տուժած վեց քաղաքներում զոհերի թիվը հասել է 26 քաղաքացիական անձի, իսկ 46 մարդ վիրավորվել է», - հաղորդել է հեռուստաալիքը։
Միաժամանակ, ըստ «Սամաա» հեռուստաալիքի, հարվածների հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 61-ի։