Առաջարկ եղե՞լ է. Լևոն Մնացականյանը՝ Արցախի ԱԽ քարտուղար նշանակվելու առաջարկի մասին

Առաջարկ եղե՞լ է. Լևոն Մնացականյանը՝ Արցախի ԱԽ քարտուղար նշանակվելու առաջարկի մասին

MediaHub-ի տեղեկություններով՝ մինչ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն այդ պաշտոնին տեսնում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին։

Ավելի վաղ գրել էինք, որ Ռուբեն Վարդանյան-Վիտալի Բալասանյան հակասությունը ամիսների պատմություն ունի: Վարդանյանն ԱԽ քարտուղարի պաշտոնում առաջարկել է Լևոն Մնացականյանին, սակայն, ըստ մեր աղբյուրի, Արայիկ Հարությունյանը դեմ ե եղել Մնացականյանի նշանակմանը և արդյունքում նշանակել իր մտերիմին:

Տեղեկության իսկությունը ճշտելու համար MediaHub-ը կապ հաստատեց Լեւոն Մնացականյանի հետ։ Վերջինս նշեց, որ ԱԽ քարտուղարի պաշտոնի առաջարկ չի ստացել։

«Նման առաջարկ չի եղել»,- նշեց նա:

Ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակման 28-րդ օրը՝ հունվարի 7-ին Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատեց ազատեց անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Մնացականյանից հետաքրքրվեցինք՝ ինքը ինչո՞վ է պայմանավորում Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունն այն ժամանակահատվածում, երբ Արցախը բլոկադայի մեջ է։

-Չեմ կարող ասել, թե Վիտալի Բալասանյանին ինչո՞ւ են ազատել։

-Անվտանգային տեսանկյունից ի՞նչ խնդիր կարող է ծագել։

-Բան չեմ կարող ասել։

-Ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում։

-Հենա, ինչ-որ բան են անում, տեսնենք ոնց կլինի, հստակ բան չեմ կարող ասել։

-Բավարա՞ր եք համարում Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ Արցախն ադրբեջանական շրջափակումից հանելու համար։

-Ոչ, բավարար չեմ համարում։ Ամեն ինչ պետք է արվի, բոլոր խողովակները պիտի գործադրվեն՝ Արցախը շրջափակումից հանելու համար։

Նշենք, որ Մնացականյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

Լիա Սարգսյան