Նյու Յորքի մետրոյում հրաձգության մեջ մեղադրվողը նախկինում 12 անգամ ձերբակալված է եղել

Նյու Յորքի մետրոյում հրաձգության մեջ մեղադրվողը նախկինում 12 անգամ ձերբակալված է եղել

Նյու Յորքի ոստիկանությունը նոր փաստեր է վեր հանել Բրուկլին շրջանի մետրոկայարանում տեղի ունեցած հրաձգության գործով։ Նշվում է, որ հրաձգության մեջ մեղադրվող 62-ամյա Ֆրենկ Ջեյմսը, ում ոստիկանները հայտնաբերել են Նյու Յորքում, նախկինում 12 անգամ ձերբակալված է եղել. հայտնել է Նյու Յորքի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավար Ջեյմս Էսսիգը։

«Նախկինում նրան 9 անգամ ձերբակալել են Նյու Յորքում՝ 1992-1998 թթ․։ Երեք ձերբակալություն կատարվել է Նյու Ջերսիում՝ 1991, 1992 և 2007 թվականներին»,-ասել է Էսսիգը։

Ձերբակալություններից 4-ը կատարվել են կոտրող գործիքներ պահելու և հասարակական կարգը խախտելու համար։

Էսսիգի խոսքով՝ «Գլոկ» ատրճանակը, որը հայտնաբերվել է հանցանքի վայրում, Ջեյմսը գնել էր 2001 թվականին, Օհայոյում։

Հրաձգությունը կատարվել է երեքշաբթի առավոտյան, 36th Street մետրոկայարանում։ Տուժել է 23, որոշ տվյալներով՝ 24 մարդ։