Ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը

Ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը

Նոյեմբերի 5-ին ողերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող տներից մեկում երիտասարդ տղամարդու դի կա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Արմավիր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ կախված վիճակում հայտնաբերել են դի:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վալերի Վ.-ն է:
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վալերի Վ.-ն մոտ 3 ժամ առաջ իր հարազատներին հայտնել է, որ ինքը մեկնում է էջմիածին, քանի որ բանկում գործեր ունի, սակայն երբ ժամեր անց չի վերադարձել, սկսվել են նրա որոնաղական աշխատանքները, ու արդեն նշված վայրում երկաթյա աստիճանից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նրա մարմինը:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարմնի մոտ հայտնաբերվել է նաև նամակ՝ ուղղված մորը, որտեղ գրված է եղել.

«Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ»:  

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն: