Եթե վերադարձի հրաշք լինի, ապա Թրամփի և Արամ Ա կաթողիկոսի պես մարդկանց շնորհիվ, ներկա-նախկին՝ դատարկ ֆիգուրներ են

«Հրաշքի այլևս չեմ սպասում։ Միակ հույսս աշխարհաքաղաքական վայրիվերումներն են, նոր դասակարգումները, նոր աշխարհակարգը, որ իր հետ բերել է Դոնալդ Թրամփը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Հադրութից տեղահանված Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ ինքը և իր հազարավոր հայրենակիցներ ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն կարծում են, որ դա իր հետ կբերի բազմաթիվ խնդիրներ։
«Առաջին հերթին մենք զրկվում ենք մեր իրավունքից, մեր կորցրած ունեցվածքի, տների, գերեզմանների համար պայքարից: Հոգեբանորեն սա շատ ծանր բան է՝ ընդամենը մի ծածկագրի համար փոխել անձնագիրը, ընդունելով նոր բնակության հասցե։ Փաշինյանի գործող վարչակարգը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի պահանջով ուզում է հետ կանչել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացրած հայցերը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը նշանակում է, որ մենք կկորցնենք միջազգային ասպարեզում մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունը»,- ընդգծում է նա:
Ինչպես Լարիսան, այնպես էլ հազարավոր արցախցիներ չեն կարողանում իրացնել միջազգային կոնվենցիաներով ամրագրված վերադարձի իրավունքը, թեպետ դրա մասին խոսում են գերտերությունները։
«Դոնալդ Թրամփը դեռ նախագահ չէր ընտրվել, որ որպես թեկնածու Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին վերահաստատել էր իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- հիշեցնում է նա:
Ապա շարունակում, թե երկրագնդի խաղաղության միակ կողմնակից նախագահը խոստացել է, որ կպաշտպանի հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կդադարեցնի բռնությունն ու էթնիկ զտումը, կվերականգնի խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, միևնույն ժամանակ քննադատել ԱՄՆ նախորդ վարչակարգին՝ մեղադրելով Ադրբեջանի կողմից ագրեսիայի օրերին անգործության համար, և Լեռնային Ղարաբաղի փոխարեն կիրառել Արցախ անվանումը։
«Նույնիսկ Հայաստանի ղեկավարն է վախենում Արցախ անվանումը բարձր ասել, բայց ԱՄՆ նախագահը ոչ միայն այդպես անվանեց, այլև կատարվածը որակեց էթնիկ զտում։ Ես վստահ եմ, որ եթե հրաշք լինի, ապա միայն Դոնալդ Թրամփի և Արամ Ա կաթողիկոսի պես մարդկանց շնորհիվ է լինելու, թե չէ Փաշինյան, ներկա-նախկին՝ դատարկ ֆիգուրներ են»,- հավելեց հադրութեցի կինը։
Հունան Թադևոսյան