Ինքնասիրահարված, փառքի մոլուցքով տառապող անձ. Խանումյանը խախտեց լռությունը

Ինքնասիրահարված, փառքի մոլուցքով տառապող անձ. Խանումյանը խախտեց լռությունը

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, որն առաջիններից, ում զբաղեցրած պաշտոնից ազատեց Ռուբեն Վարդանյանը, դառնալով Արցախի պետնախարար, խախտել է լռությունը:

Խանումյանը մի գրառում է արել Facebook-ի իր էջում՝ առանց անուններ տալու, բայց և ընդհանուր առմամբ չքողարկելով, որ հասցեատերը Ռուբեն Վարդանյանն է: Վերջինիս նա, փաստացի, որակում է ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձնավորություն, ում համար Արցախն ուղղակի հերթական նախագիծն է:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

"Արցախի պետական համակարգի բոլոր ոլորտներում էլ հետպատերազմյան շրջանում օրուգիշեր աշխատելու մեծ ճակատ կա։ Ընդ որում անվտանգային միջավայրը հաշվի առնելով` առավելապես պետք է ոչ հրապարակային աշխատել։

Եթե մարդ գալիս է ոլորտ կամ ոլորտներ կառավարելու և առաջին գործը լինում է քարոզչական թիմերի ձևավորումը, որոնք ամեն օր սոցցանցերում նրա մասին գրառում կանեն, նրան ամենազոր ու սուրբ կհռչակեն` ուրեմն այս մարդը ձախողելու է։ Ձախողելու է ոչ թե ֆեյսբուքում, որտեղ նա մոլի ֆանատներ ու վարձու ստատուսագիրներ ունի, այլ ձախողելու է իրեն վստահված ոլորտները։

Եթե Լատինական Ամերիկայում պոպուլիզմը կարող է բերել չքավորության, ապա Արցախի նման անվտանգային միջավայր ունեցող պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել։ Եթե պաշտոնյան խնդիրներ լուծելու փոխարեն լայվեր է անում, խոստանում պայքարել, կոչ անում միասնականության ուրեմն անուղղելի հիմար է։ Եթե այդ լայվերի ընթացքում պետական գաղտնիք է հրապարակում կամ պետության անվտանգության սպառնացող այլ տեղեկություն ուրեմն չարագործ է։

Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ",- գրել է Խանումյանը։
Ի դեպ, գրառման տակ առկա մեկնաբանություններում Խանումյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք ուշացած չէ այն, արձագանքել է. "Ճիշտն ասած ավելի շուտ էի ուզում գրել, բայց չէի ուզում այլ կոնտեքստում հասկացվի":