Ես «от и до» մաքուր եմ, մաքրամաքուր եմ․ Հակոբ Ասլանյան

Ես «от и до» մաքուր եմ, մաքրամաքուր եմ․ Հակոբ Ասլանյան

Երեկ արդեն հայտնել ենք, որ գլխավոր դատախազը պատգամավորներ Տարոն Մարգարյանին ու Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ գնալու է ԱԺ։ Յուրաքանչյուր պատգամավորի դեպքով տանյակ էջերով միջնորդության տեքստ հրապարակվեց։ Դեպքերից մեկով, որը վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրա թիմակիցները շտապեցին հայտարարել, որ սա ՀՀԿ-ականին լռեցնելու հերթական քայլն է իշխանության կողմից։ Հովիկ Աղազարյանի դեպքով դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել, սակայն, մեր տեղեկություններով, նա այսօր անդրադառնալու է դատախազի միջնորդությանը։

Այս ամենից զատ, այսօր մամուլը գրեց, որ հնարավոր է այլ պատգամավորների նկատմամբ էլ նույն միջնորդությամբ դատախազը հանդես գա, և գուցե ՔՊ-ական ճամբարը լքած Հակոբ Ասլանյանին ևս անձեռնմխելիությունից զրկելու հարց առաջանա։

Պատգամավորի մոտ այս ամենը ծիծաղ է առաջացնում, քանի որ իր խոսքով՝ ինքն «от и до» մաքուր է։

«Թող փորձեն։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ վրա ոչ մի կեղտ չեն կարող գտնել․ ես «от и до» մաքուր եմ: Գլուխ գովել չլինի, բայց մաքրամաքուր եմ։ Թող փորձեն, տեսնեմ էդ ո՞ր եղունգիս տակ կկարողանան կեղտ գտնել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ասլանյանը՝ նշելով, որ իր չորս տարվա պատգամավորական գործունեության ընթացքում որևէ սխալ բան չի արել։

Ինչ վերաբերում է ԱԺ երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ կամ դեմ քվեարկելուն, ապա Ասլանյանը նշեց՝ Աղազարյանի դեպքում պարզ է՝ ինքը դեմ է քվեարկելու։

«Ես Հովիկ Աղազարյանի գործունեությանը գոնե 95%-ով ծանոթ եմ, գիտեմ իրեն, իր քաղաքական գիծը, իր քայլերը։ Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, ապա նա այլ հարթության վրա է։ Կարծում եմ՝ ձեռնպահ կլինեմ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկության ժամանակ»,- ասաց Ասլանյանը։

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի թիմակիցների հայտարարություններին, թե սա քաղաքական հետապնդում է, ինքն այդ մասով ասելիք չունի՞՝ որպես Հովիկ Աղազարյանի թիմակից, Հակոբ Ասլանյանը պատասխանեց՝ Հովիկ Աղազարյանն այսօրվա հարցազրույցներում կներկայացնի իրենց դիրքորոշումը։

Նարե Գնունի