31-ամյա վարորդը «Գայի պոստի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:35-ի սահմաններում Վերին Պտղնի գյուղում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ, Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Ա.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի 37-ամյա բնակիչ Արևիկ Հ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով Կոտայքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։