Կամքի ուժ, որ անհավանական հաղթանակ բերեց անկումից հետո․ «Մեդալի հակառակ կողմը»՝ մեծ էկրաններին

Կամքի ուժ, որ անհավանական հաղթանակ բերեց անկումից հետո․ «Մեդալի հակառակ կողմը»՝ մեծ էկրաններին

Կամքի ուժի, պայքարի, համառության ու երազանքին հասնելու մասին է Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրաման, որի պրեմիերան եղավ սեպտեմբերի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։

Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք և աննկուն ոգի` ոչինչ անհնարին չէ:

«Այն գաղափարները, որոնք մենք դրել էինք ֆիլմում, հետևյալն են, որ մեր պատմությունը բարձրացնում է հարցեր՝ միևնույն ժամանակ դրանց պատասխաններ տալով։ Հարցերն էլ հստակ են՝ ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել և ամենակարևորը՝ ինչքանո՞վ է դա նպաստում Հայաստանի բարօրությանը»,- ֆիլմի մասին խոսելիս ասում է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և միևնույն ժամանակ գլխավոր հերոսուհուն մարմնավորած Աննա Մաքսիմը։

Նա խոստովանում է՝ երկու և փոքր-ինչ ավելի տարի առաջ վախենում էր ֆիլմի մասին բարձրաձայնել, քանի որ վստահ չէր, որ հաջողելու է․ ավելին, տապալման վախը գերիշխել է։ Բայց հետո արդեն ինքն իրեն խոսք է տվել՝ միտքը կյանքի է կոչելու։

«Ես իմ ամենանվիրականը դրել եմ խաղատախտակին, միայն մի նպատակով, որ լինի արվեստի, մտքի ու հոգու հեղափոխություն»,- նկատեց նա։

Երկու տարի տևած նկարահանումներ, ծանր մարզումներ, բազմաթիվ վնասվածքներ, 12 կգ քաշի ավելացում, խնամքով պահված մազերից հրաժարում, և որ ամենաբարդն է՝ Գյումրու բարբառի սերտում։ Այս ամենի միջով է անցել գլխավոր հերոսուհին, որ կարողանա լավագույնս մարմնավորել Նազիկ Ավդալյանին։

Ի դեպ, հայ ծանրորդուհու մասին ֆիլմեր շատերն են ցանկացել նկարել, Նազիկը մի առաջարկ չէ, որ ստացել ու մերժել է։ Բայց Աննայի առաջարկն ուրիշ է եղել, գրավել է իրեն։ Դերասանուհու հետ մի քանի ժամ զրուցելուց հետո է հասկացել, որ Աննային վստահել կարելի է։

«Նախորդ առաջարկներին ես այդքան էլ լուրջ չէի վերաբերում, մտածում էի՝ շատ դժվարություններ կլինեն ու աշխատանքները կդադարեն։ Իսկ Աննային ես ուղղակի ասացի, որ ծանրաձողը բարձրացնելը, տեխնիկային տիրապետելը հեշտ չէ։ Ես անընդհատ կասկած ունեի, որ մարզումները կդադարեցնի Աննան։ Բայց, ուրեմն ֆիլմը պետք է լիներ»,- նշում է Նազիկը։

«Մեդալի հակառակ կողմը» ցույց է տալիս հաղթանակի հասնելու դժվար ճանապարհը, որով անցել է Նազիկ Ավդալյանը։

Նարե Գնունի