Շան կծման դեպքով 40 մարդ դիմել է հիվանդանոց

Շան կծման դեպքով 40 մարդ դիմել է հիվանդանոց

Անցնող ամսվա ընթացքում Երևան քաղաքում թափառող շների կողմից մարդկանց կծման 14 դեպք է արձանագրվել։ Այդ մասին այսօր Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Հարություն Առաքելյանը։ Նրա խոսքով՝ դեպքերից 11-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 3-ն ընթացքի մեջ է։ 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքելով նշեց, որ իրեն 40 դեպքի մասին են զեկուցել։

«Ինչո՞ւ են ներկայացված դեպքերի թվերն իրարից տարերվում։ Դուք նաև պետք է առողջապահության վարչությունից տեղեկություն ստանայիք, որ վերլուծություն ստանայիք»,- ասաց Սարգսյանը։ 

Ի պատասսխան՝ Հարություն Առաքելյանը նշեց, որ իրենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ պայմանավորվածություն ունեն, որ իրենց պետք է ամբողջական վերլուծություն տրամադրվեր, սակայն կան դեպքեր, երբ բժշկական գաղտնիք պարունակող նյութեր կան, որոնք խնդիր են առաջացնում։ 

Հրաչյա Սարգսյանն էլ արձանագրեց, որ տեղեկատվություն փոխանցելու սխեման, ըստ էության, չի աշխատում։ ՀՈԱԿ-ից էլ արդարացան՝ տուժողների մասին իրենց ինֆորմացիա չի փոխանցվում։ 

«Տուժողների մասին հասկացանք, բայց դեպքերի թիվը չի համապատասխանում»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։ ՀՈԱԿ-ից պատասխան եղավ,  որ զեկուցվող թվերը ֆիլտրելու կարիք կա, քանի որ հիվանդանոց դիմածների ու ՀՈԱԿ ահազանգողների թիվը տարբեր է, քանզի հիվանդանոց դիմողներից շատերը մարզերից են։