81-ամյա թոշակառուն հայտնել է, որ թույնել են իրեն պատկանող, սակայն որդու կողմից խնամվող թվով 53 մեղվաընտանիքները

81-ամյա թոշակառուն հայտնել է, որ թույնել են իրեն պատկանող, սակայն որդու կողմից խնամվող թվով 53 մեղվաընտանիքները

Փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թույնել են Գորիս քաղաքի Սաթյան փողոցի տներից մեկի բակում գտնվող մեծ թվով մեղվաընտանիքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 81-ամյա Մարտունիկ Ա․-ն հայտնել է, որ հունվարի 26-ի ժամը 14։00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում թույնելու միջոցով ոչնչացրել են իրեն պատկանող, որդու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Ա․-ի կողմից խնամվող, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի թիվ 18 հասցեի տան կից հողատարածքում տեղադրված 43 փեթակների մեջ գտնվող 53 մեղվաընտանիքները՝ պատճառելով նյութական վնաս:

Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել քանի որ փորձել է ինքնուրյուն գտնել կատարող անձին:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: