Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները, ՆԳ նախարարը կհեռանա՞. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրինք՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել սրբազան պայքարի մասնակիցների շարքերը, որոնք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չեկավ խորհրդարան, թեեւ նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս` հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանեց նրան ուղեկցող պաշտոնյան։

Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, եւ դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաեւ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, եւ նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների, իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ: Ըստ որոշ լուրերի, նա մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել հեռանալ, Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։ Սակայն լուրեր կան, որ Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու, անգամ ապագա պաշտոնն են նշում` Պետական պահպանության ծառայության ղեկավար, ինչը պաշտոնաթող անելուն համազոր է: Հայտնի է, որ ոստիկանական բռնի գործողությունները համակարգում են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։

Ճի՞շտ է, որ Դուք եք համակարգում հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ վայրագությունները․ այս հարցին Սարգսյանը նետեց` ստահոդ լուրերին չեմ պատասխանում։ Ի՞նչն է ստահոդ, որ Դո՞ւք եք ղեկավարում, թե՞ որ վայրագություններ չկան: Հարցը մնաց անարձագանք։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, տապալել է 44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակումը. դրա աշխատանքները տեղում դոփում են:

Այսպիսով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, որը հենց Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, իր վերջին նիստը հրավիրել էր նախորդ տարի՝ դեկտեմբերի 3-ին, արդեն շուրջ հինգ եւ ավելի ամիս է՝ ընթանում են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները:

Դեռ ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ մինչեւ մայիսի վերջ կներկայացնենք 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը»:

Մայիսն արդեն ավարտվում է, բայց զեկույցից դեռ նորություն չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչեւ մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի, սակայն Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իշխանականները ինչ նպատակի համար փորձում էին այդ զեկույցը ծառայեցնել, այն է՝ ընդդիմադիրներին ճնշելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու, դա չի հաջողվում:

Այդ պատճառով էլ ձգձգվում է զեկույցի հրապարակումը»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանախմբից ավելի ուժգին Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ են հայտարարել արևմտյան այն ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հայտնի են նրանով, որ տարիներ շարունակ սնվել են Արևմուտքից, և որոնց հասարակության մեջ հավաքական առումով ընդունված է անվանել «սորոսականներ»: Նրանք «նոնստոպ» ռեժիմով գրառումներ են կատարում և հարցազրույցներ տալիս՝ ընդդեմ Եկեղեցու, ընդդեմ ազգային արժեքների, հեգնելով ու ծաղրելով թե՛ Եկեղեցին, թե հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությանը, որը դեմ է Փաշինյանի ազգակործան ու հանձնողական քաղաքականությանը: Սա երևի թե զարմանալի չէ:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը 2018 թ. իշխանության եկավ նաև այս ՀԿ-ների ու նրանց սնուցողների՝ տարիներ շարունակ ձևավորած սարդոստայնի շնորհիվ: Այդ ցանցը միշտ էլ հանդես է եկել ազգային արժեհամակարգի դեմ, մշտապես զբաղված է եղել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտացման, թշնամության թուլացման լոբբինգով, թուրքամետ թեզերի տարածմամբ:

Ըստ այդմ, շատ փորձագետներ տեսակետ են հայտնում, որ այս ցանցի՝ «Նիկոլից ավելի նիկոլական» պահվածքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը, իշխանության գալով, աստիճանաբար կյանքի կոչեց Ադրբեջանի և Թուրքիայի ազգային, պետական, աշխարհաքաղաքական շահերից բխող քաղաքականություն. ի մասնավորի, վատթարացրեց հայ-ռուսական կապերը, Արցախի հարցում փորձեց սկսել բանակցությունները «սեփական կետից», որն ի վերջո բերեց 2020 թ. աղետալի պատերազմին, իսկ ապագայում՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Դե, իսկ Պրահայում էլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս՝ իր ամբողջ ողբերգական հետևանքներով:Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել է, որ Փաշինյանը պատրաստ է խաղաղության Իլհամ Ալիևի հետ՝ ադրբեջանական նախապայմաններով։

«Նախ՝ նա Արցախը թողեց Ադրբեջանի կազմում՝ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կյանքի է կոչում ադրբեջանական թեզերով սահմանազատում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն Իլհամ Ալիևն ու Թուրքիան պահում են օրակարգում, ապագայում է պատրաստվում իրականացնել՝ դա հանրությանը հրամցնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներքո: Ադրբեջանական թեզերը Փաշինյանն ու թիմը կյանքի են կոչում ՀՀ ներքաղաքական դաշտում: Հայ առաքելական եկեղեցին, հայոց պատմությունը նույնպես թիրախավորվում են քպականների կողմից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Փաշինյանը պատրաստվում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայ դատից, Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին կամ ուղղակի դուրս հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, միայն թե բացվի հայ-թուրքական սահմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից օգտվելու են Փաշինյանի մերձավոր օլիգարխները, որոնք օր առաջ սպասում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ թե ինչ կլինի հայկական տնտեսության հետ՝ թուրք-ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի ֆոնին, ՔՊ-ին և նրա առաջնորդին քիչ են հուզում: Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը թուրքամետ և ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն են վարում, ինչի համար էլ 2018թ.-ին տարբեր ՀԿ-ների, գերտերությունների և ներքին ուժերի միասնական ջանքերով բերվել են իշխանության»,-նշում է Տելեգրամ ալիքն ու հավելում, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը նման է թուրքական և ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի լոբբինգին:

Եթե սրան գումարում ենք այն փաստը, որ արևմտյան ՀԿ-ները, որոնք Փաշինյանի և ՔՊ-ի հետ կազմում են մեկ բռունցք, շարունակում են թիրախավորել նաև հայ-ռուսական հարաբերությունները՝ բոլոր սլաքներն ուղղելով կամ Ռուսաստանի դեմ՝ ՌԴ-ից ձևավորելով արտաքին թշնամու կերպար, կամ հնարավոր բոլոր մեղքերի համար մեղադրում են ՀՀ նախկին իշխանություններին, ապա պատկերն առավել պարզ է դառնում:

«Այսպիսով, ՀՀ-ն Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվում է թուրքադրբեջանական ազդեցության գոտում գտնվող երկրի, ինչը կործանարար է հայոց պետականության և հայ ազգի համար»,-նշում են հեղինակները:

 

 

 

Send