«Խաղաղութեան հույսով կապրինք». Լիբանանում նորից մտահոգ են 

«Խաղաղութեան հույսով կապրինք». Լիբանանում նորից մտահոգ են 

Իրանա-իսրայելական մեկօրյա առճակատման վերջին իրադարձությունները հանգիստ չեն տալիս Մերձավոր Արևելքին, մասնավորապես Լիբանանին։ Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով արձակված հրթիռակոծությունից հետո Լիբանանում նորից մտահոգ են։ 

Բեյրութում ապրող լրագրող Փաթիլ Մկրտչյանը MediaHub-ին պատմեց, որ պատերազմի առաջին օրվանից լիբանանցիները չեն ցանկացել ներգրավվել այդ պատերազմի մեջ։ Եվ հիմա «Հըզբոլլահ»-ի՝ պատերազմի մեջ դերակատարությունը խիստ կախված է Իրանից։ 

««Հըզբոլլահ»-ն օգնում է Պաղեստինին Գազայի հատվածում։ Հիմնականին մէջ պատերազմի սկիզբէն հարուածները ուղղուած էին դէպի հարաւ , քանի մը անգամով Սուր, Սայտա, Պէքա եւ այլ շրջաններ, սակայն, դրանք հաւասարակշիռ հարվածներ են։ Մինչ Իրանի ներգրաւումը փորձագետները Լիբանանի մէջ լայնածաւալ պատերազմի ռիսկ չէին տեսնում։ Դա ոչ մէկի շահերից չի բխում։ Իրանեան միջամտութիւնը մտահոգիչ էր։ Իրանի միջամտումից հետո գիշեր գազի ու բենզինի լցակայաններում հերթեր էին գոյացել, իսկ երբ փակեցին օդանավակայանը՝ խուճապն ավելի տարածվեց»,- ասաց նա։ 

Լրագրողը, որ հայաշատ Լիբանանից հաճախ է նյութեր պատրաստում, այդ օրն էլ իրադարձությունների էպիկենտրոնում էր։ «Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ու քովիդից հետո տակաւին երկիրը չշնչեց։ Խաղաղութեան հույսով կապրինք։ Չգիտենք՝ ինչ կլինի։ Չնայած այն բանի, որ տարբեր երկրներ դատապարտողական ելույթներ են ունենում, թե պետք չէ Լիբանանը ներքաշել iրանա-իսրայելական պատերազմում, միևնույն է, պատերազմը անկանխատեսելի է»,-ասաց լրագրողը։ 

Փաթիլ Մկրտչյանից նաև հետաքրքրվեցինք Լիբանանի հայ համայնքից։ Նա տեղեկացրեց, որ չնայած ճգնաժամային իրավիճակին, երկիրը դանդաղ քայլերով հաղթահարում է դժվարությունները։ 

«Լիբանանը քիչ-քիչ փորձում է գտնել զինքը։ Կյանքը բոլոր ոլորտներում սկսում է զարգանալ։ Մնում է կայուն խաղաղություն լինի, որ վերջնականապես դուրս գանք ստեղծված իրադրությունից»,- ասաց նա՝ նշելով, որ Լիբանանը վաղուց դարձել է հակամարտությունների խաչմերուկ։

Հունան Թադևոսյան