Չեմ կարծում, որ Արմեն Քոլոյանը երկար կաշխատի Հանրային ռադիոընկերությունում․ Խումարյան

Չեմ կարծում, որ Արմեն Քոլոյանը երկար կաշխատի Հանրային ռադիոընկերությունում․ Խումարյան

Հանրային ռադիոն նոր տնօրեն ունի․ այսօր Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանը։ Նրա հետ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համար պայքարում էր նաև ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, որի հարաբերությունները հատկապես վերջին շրջանում լարվել էին իշխանությունների հետ։

MediaHub-ի հետ զրույցում Խումարյանը, որ արդեն հասցրել է իր ֆեյսբուքյան էջում մի ծավալուն գրառմամբ հանդես գալ, ասաց, որ բողոքարկելու է ընտրության արդյունքները բոլոր հնարավոր ձևերով։

«Սա վարչաիրավական աճպարարություն է, որը մեր երկրում չպիտի տեղի ունենա»,- ասաց Խումարյանը։

-Ինչպե՞ս է տեղի ունեցել այդ աճպարարությունը, կեղծվե՞լ է ընտրությունը։

-Սկսենք նրանից, որ էն մարդիկ, ովքեր կատարել են էդ ընտրությունը, իրենք էնպես չի, որ պիտի անեին էդ ընտրությունը։ Դուք գիտեք, որ 2010 թվականից գործել է Հանրայինների գործադիր տնօրենների ընտրության կարգ, որը ենթադրել է անկախ մրցութային հանձնաժողով։ Էս մարդիկ էդ կարգը չեղարկել են ու որոշել են ընտրել անձամբ։ Այդ իմաստով օրենքը, իհարկե, ուղղակիորեն դա չի արգելում, բայց նույն հաջողությամբ իրենք կարող էին որոշել, որ սրանից հետո ոչ թե Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀԽ) անդամներն են տնօրեն ընտրում, այլ, օրինակ, կառավարության։ Սա հիմա գաղափար չեմ տալիս, ուղղակի Խորհրդի տրամաբանությունն եմ շարունակում։ Էստեղ մի սուբյեկտիվ հանգամանք էլ կա՝ էն խորհուրդը, որը անցկացրել է էս ընտրությունը, իմ վերաբերյալ երեք անգամ պաշտոնական դիրքորոշում է հայտնել։ Ի՞նչ եք կարծում, էն մարմինը, որը մասնակիցներից մեկի նկատմամբ մրցութային գործընթացից առաջ արդեն երեք անգամ պաշտոնական դիրքորոշում է հայտնել, կարո՞ղ է հավակնել անցկացնել անկողմնակալ մրցույթ այդ մասնակցի առնչությամբ։ Հետևաբար, էդ ամեն ինչը բողոքարկվելու է, և ես չեմ կարծում, որ Արմեն Քոլոյանը երկար կաշխատի Հանրային ռադիոընկերությունում։

-Չե՞ք կարծում, որ Ձեր ճակատագրի վրա՝ մասնագիտական գործունեության առումով, ազդեցություն ունեցավ Ձեր հայտնի գրառումը, որը Դուք կատարել էիք այն բանից հետո, երբ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային ռադիոյին, որը հետո բուռն քննարկումների առիթ տվեց։

-Դա գործոններից մեկն է, ընդհանուր առմամբ՝ խնդիրներն ավելի շուտ են սկսել, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Բայց, այո, հաստատում եմ, Ձեր նշածն էլ իր դերը, իհարկե, ունեցել է։

-Իսկ ավելի ճի՞շտ չէր լինի, որ Դուք հենց այդ ժամանակ հրաժարական տայիք, երբ խնդիրները սրվել էին։

-Ինչի՞ համար։

-Շատ լավ գիտակցելով, թե ինչի մեջ եք հայտնվել կամ հայտնվելու հետո։

-Գիտե՞ք, հանրային հեռարձակումը շատ արժեքավոր ինստիտուտ է, և ես էդ արժեքավոր ինստիտուտն ունենալու էդ գինը վճարել եմ հաճույքով։

-Դուք Հանրային ռադիոն էիք ղեկավարում, մեկ ուրիշ մարդ ղեկավարում է Հանրային հեռուստաընկերությունը, թեպետ Հ1-ի համեմատ ռադիոն մի քիչ ավելի անկախ ու բարվոք վիճակում է, բայց, միևնույն է, ընկալումն այնպիսին է, որ երկուսն էլ ծառայում են իշխանությանը և ուզեն, թե չուզեն՝ ծառայելու են, քանզի այլ տարբերակ, կարծես թե, չի ստացվում։ 

-Ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ՝ մի քիչ ավելի բարվոք է, թե ոնց է, ես երաշխավորում եմ Ձեզ, որ վերջին հինգ տարիներին Հանրային ռադիոընկերության հետ կապված բոլոր որոշումները կայացվել են բացառապես իմ առանձնասենյակում, և մենք գործել ենք իմ խղճի մտոք։ Հանրային ռադիոընկերությունը վերջին հինգ տարին եղել է խմբագրական իմաստով բացարձակապես անկախ, ու այն, ինչ Դուք ասում եք, ենթադրում եմ, որ իներցիայի հարց է, այո։ Ու մենք ժառանգել ենք որոշակի իներցիա Խորհրդային միության տարիներին, ջանք ու եռանդ չենք խնայել այդ իներցիան հաղթահարելու համար, բայց, ցավոք սրտի, միշտ չէ, որ շատ արդյունավետ ենք եղել։

-Իսկ հիմա ի՞նչ եք կարծում, անկախ նրանից՝ որքան կպաշտոնավարի Արմեն Քոլոյանը, նրան կհաջողվի՞ այդ անկախությունը մաքսիմալ պահպանել այնպես, որ Հանրային ռադիոն Հանրային հեռուստաընկերության նման պրոիշխանական պրոպագանդա իրականացնող կամ, եթե ավելի կոշտ ձևակերպենք, նիկոլական լրատվամիջոց չընկալվի հանրության աչքում։

-Ես անսպառ հավատ ունեմ Հանրային ռադիոընկերության բոլոր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի և նպատակադրման նկատմամբ, և եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ պլաններ ունեն Հանրային ռադիոընկերության հետ, ես խորհուրդ կտայի զերծ մնալ էդ պլաններից, որովհետև Հանրային ռադիոընկերությունը սովորական հիմնարկ չէ։

-Արմեն Քոլոյանն ունի՞ այդպիսի պլաններ, ըստ Ձեզ։

-Դժվարանում եմ ասել, չեմ շփվել հետը։

Վահե Մակարյան