Որոշները հարստանում են արցախցիների հաշվին. անշարժ գույքի շուկայի «եղանակը» բարենպաստ չէ

Որոշները հարստանում են արցախցիների հաշվին. անշարժ գույքի շուկայի «եղանակը» բարենպաստ չէ

Արցախից բռնի տեղահանվածների թվի ավելացմանը զուգահեռ համացանցում հարյուրավոր մարդիկ ու կազմակերպություններ հայտարարություններ են անում այն մասին, որ պատրաստ են տնից-տեղից զրկված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել՝ տուն տրամադրել, բնակարան, սնունդ, հագուստ և այլն:

Ցավոք, նման երևույթի կողքին կան մարդիկ, որոնք այս նեղ պահին առաջ են մղում իրենց անձնական շահը և փորձում նեղության մեջ հայտնված արցախցիների հաշվին հարստանալ:
MediaHub-ը նման ահազանգեր է ստանում և մեր հարցախույզն էլ ցույց տվեց, որ դա, ցավոք, այդպես է:

Մեզ հետ զրույցում արցախցիներից մեկը նշեց, որ բնակարանները սկսել են վարձով տալ կրկնակի թանկ գներով և որևէ կերպ ընդառաջ չեն գնում։ Այսինքն, երբ մի քանի օրվա կտրվածքով թանկացման մասին ասվում է տան տիրոջը, վերջինս ոչ մի բան իր որոշման մեջ չի փոխում: 

Ըստ մեր զրուցակցի, մարդիկ ուզում են հարստանան արցախցիների հաշվին, իսկ կան վարձակալներ, որոնք ընդհանրապես չեն ուզում տեսնեն արցախցիներին իրենց բնակարաններում։ 

«Այս երեք օրը զանգում եմ վարձով բնակարանի համար, վարձակալներից շատերը հենց լսում են, որ Արցախից եկած ընտանիքի համար եմ հետաքրքրվում, միանգամից մերժում են և հայտնում, որ չեն տալիս վարձով բնակարաններ արցախցիներին։ Երեկ զանգեցի մի մարդու, ով կայքում տեղադրել էր հայտարարություն 200.000 դրամ վարձավճարով, ընդառաջ գնալով՝ 190.000-ով առաջարկեց։ Ես առաջարկեցի փոխանցել դեպոզիտը, որպեսզի չզբաղեցնեն այդ բնակարանը մինչև հասնենք։ Իրենից պատասխան լսեցի, թե սպասենք մի քանի օր, կարող է իրեն զանգեն ուրիշ արցախցիներ, որոնք ավելի շատ կկարողանան վճարել։ Չգիտեմ՝ ինչ ասեմ…. »,- MediaHub-ի հետ զրույցում կիսվեց արցախցին։

Նա նշեց, որ բոլորի մասին նույնն ասել անխոս չի կարող, բայց, ցավոք, եզակի դեպքի մասին չի խոսքը:

Նշենք, որ անշարժ գույքի հայտարարությունների ամենահայտնի կայքում գները մի քանի օրվա տարբերությամբ իսկապես աճել են: Ընդամենը մի քանի օր առաջ 200 000 դրամով վարձով տրվող բնակարանն այսօր 250-300 000 դրամով է տրվում: Միջինում գները 50-100 000 դրամով աճել են: Մենք կհետևենք դաշտի զարգացումներին՝ այս օրերին անշարժ գույքի շուկան երկրորդ ամենից զգայուն ոլորտն է:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկատվության, Արցախից բռնի տեղահանվել է արդեն 47 115 մարդ:

Մարիաննա Արամյան