Ալիևի «նվերը» Փաշինյանին
Պատահականությո՞ւն էր, արդյոք, որ նույն օրն ասուլիս են հրավիրում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Ոմանք կարծում են, որ նման պատահականություններ չեն լինում, ընդ որում՝ խոսում են անգամ Փաշինյան-Ալիև ներդաշնակ գործողությունների մասին:
Մյուսներն ասում են, որ ասուլիսների համընկնումը պատահականություն է կամ հետևանք է նրա, որ խորքային ստվերային գործընթացներ են տեղի ունենում, ինչը միաժամանակ «խոսեցրել» է երկու ղեկավարներին:
Ինչևէ, Ալիևը երեկ, ըստ էության, կրկնել է իր հայտնի թեզերը, սակայն մի պնդում է արել, որն, ըստ էության, ամբողջովին հակասում է Փաշինյանի պնդումներից մեկին:
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանը տապալում է խաղաղության շուրջ բանակցությունները և ամեն կերպ փորձում է Ղարաբաղի հարցը ներառել Երևանի և Բաքվի միջև ստորագրվելիք փաստաթղթում։
«Հայաստանը պետք է որոշում ընդունի, և, ըստ էության արձանագրի այն, ինչ նրանք ընդունել են Պրահայում, իսկ հետո՝ Սոչիում անցած տարվա հոկտեմբերին։ Հղումը տարածքային ամբողջականությանն ու Ալմա Աթայի հռչակագրին առավել քան հստակ ասում է, որ նրանք (հայերը) ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա մեր հաջողությունն է, որովհետև Հայաստանը առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», -ասել է Ալիևը։
Այսպիսով, Ալիևը պնդում է, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Փաստորեն, պղպջակի պես պայթում է Փաշինյանի քարոզչական այն թեզը, թե Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում՝ ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը կամ 2007-ին, երբ ընդունել է կարգավորման Մադրիդյան սկզբունքները:
Այսինքն, քարոզչական այն նարատիվը, որ Փաշինյանը հաջողությամբ առաջ է տանում երկրի ներսում, լուրջ չի ընդունվում ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև՝ մեր թշնամու կողմից:
Փաստն այն է, որ Արցախի անկախության օրակարգը մնացել է 44-օրյա պատերազմի փլատակների տակ: Սա է իրական փաստը՝ անկախ Փաշինյանի մանիպուլյացիաներից: Մեր հասարակությունն այսօր ճշմարտությունը պետք է հասկանա ինքնուրույն՝ առանց Ալիևի «հուշարարության»:
Վահրամ Բագրատյան