Ընդդիմությունն «իգնորի» կենթարկվի, եթե նույն կերպ շարունակի: Այդ մասին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ քաղաքացիները ՔՊ-ականներին և նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վաղուց «իգնոր» են արել՝ ամենօրյա փողոցային պայքարն ու հանրության շրջանում ՔՊ-ականների հասցեին հնչեցվող մեղադրանքները դրա վառ ապացույցն են: Արայիկ Հարությունյանն, ում մինչև 2018թ.-ի պետական հեղաշրջումը, որը ՔՊ-ականներն անվանում են «թավշյա հեղափոխություն», ոչ ոք չէր ճանաչում՝ կրթության և գիտության որակն անգամ չկարողացավ բարձրացնել՝ այսօր խոսում է ազգային, պետական հարցերից ու քննադատում է Արցախի փրկությամբ զբաղվող ընդդիմությանը:
Ներքին և արտաքին ճակատներում ձախողված ուժը՝ ՔՊ-ն, պետք է ունենա գոնե մեկ տոկոս խոհեմություն և հեռանա՝ չտանելով Հայաստանն ու Արցախը վերջնական կործանման: 2018թ.-ից սկսած հայկական պետության բոլոր ինստիտուները կազմաքանդվել են՝ տնտեսություն, անվտանգություն, արտաքին քաղաքական հարաբերություններ՝ հատկապես հայ-ռուսական դաշնակցային կապեր: Այս ամենի արդյունքում արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց այսպիսի մեծ կորուստներով:
Արայիկ Հարությունյանն ու ՔՊ-ականները պետք է առանց թիկնապահների շրջեն ՀՀ մարզերում, երևանյան փողոցներում և լսեն, թե նրանց մասին ինչ է մտածում Արցախի և Հայաստանի ճակատագրով մտահոգ հայ ազգը: Ընդդիմության պայքարն արդար է և այն պսակվելու է հաջողությամբ: Բոլոր ոլորտներում տապալված ուժի ներկայացուցիչները տալու են քաղաքական, իսկ ապագայում նաև իրավական պատասխան՝ իրենց կատարած քայլերի համար:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ այս բանաձևը կյանքի է կոչվելու միայն իշխանափոխության արդյունքում: