Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը մտադիր է ոստիկանությանն ավելի շատ լիազորություններ տալ՝ էկոակտիվիստների «ավերիչ» ցույցերի դեմ պայքարի համա․ հայտնում է Sky News-ը։
Վերջին ամիսներին Just Stop Oil եւ Extinction Rebellion շարժումների ակտիվիստները, որոնք հանդես են գալիս նավթի եւ գազի արդյունահանման դադարեցման օգտին, իրենց սոսնձել են պատկերասրահների նկարներին, ինչպես նաեւ կազմակերպել են տարբեր բողոքի ակցիաներ եւ ցույցեր, որոնք հանգեցրել են տրանսպորտի երթեւեկության խափանումների Լոնդոնի կենտրոնում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բրավերմանը մտադիր է խորհրդարան ներկայացնել հասարակական կարգի պահպանման մասին օրինագիծ, որը նախատեսում է ոստիկանության լիազորությունների ավելացում եւ ավելի խիստ պատիժներ ցուցարարների համար, եթե բողոքի ակցիաները հանգեցնեն «լուրջ խախտումների» կամ սպառնան «զգալի բացասական հետեւանքներով հասարակական անվտանգության համար»։
«Ոստիկանությանն ավելի ուժեղ, ավելի կոշտ լիազորություններ են պետք՝ նման ցույցերի ձախողման դատապարտված մարտավարության աճին համապատասխանելու համար, եւ դա հենց այն է, ինչը կապահովի հասարակական կարգի մասին օրինագիծը»,- ասել է Բրավերմանը:
Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ օրինագիծը կապահովի հիմնական ապրանքների, ծառայությունների եւ առանցքային ենթակառուցվածքների հասանելիությունը: Բացի այդ, այս պլանը նախատեսում է քրեական պատասխանատվության սահմանում այնպիսի օբյեկտների աշխատանքին միջամտելու համար, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները, օդանավակայանները, երկաթուղիները եւ տպարանները: Նման իրավախախտումը կհանգեցնի մինչեւ 12 ամսվա ազատազրկման, անսահմանափակ տուգանքի կամ երկուսին էլ: Օրինագիծը քրեական պատասխանատվության է սահմանում նաեւ բողոքող էկոակտիվիստներին բնորոշ այլ իրավախախտումների համար։