Ովքեր կնշանակվեն փոխվարչապետի և ԿԳՄՍ նախարարի պաշտոններին

Ովքեր կնշանակվեն փոխվարչապետի և ԿԳՄՍ նախարարի պաշտոններին

Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոններից հեռացրել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:

Վերջինիս հեռացմանը լուրը MediaHub-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է խոսնակը: Իսկ ահա Մաթևոսյանի հեռացումը դեռ պաշտոնապես չի հաստատվում, թեև մեր աղբյուրները պնդում են՝ փոխվարչապետի պաշտոնը արդեն իսկ թափուր է:

MediaHub-ին հայտնի դարձավ, թե ովքեր են ամենահավանական թեկնածուները նախարարի և փոխվարչապետի պաշտոնները զբաղեցնելու համար:

Ըստ այդմ, մեզ փոխանցեցին, որ ԿԳՄՍ նախարար, ըստ ամենայնի, կնշանակվի ներկայումս փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Վերջինս ընդունված է Նիկոլ Փաշինյանի կողմից, նրա հավատարիմ “պրոպագանդիստ” Պետրոս Ղազարյանի կինն է: Բացի այս, մեզ փոխանցեցին, որ այդ նշանակմամբ Փաշինյանի կառավարությունը նաև մեկ այլ խնդիր կլուծի՝ կավելացնի կին նախարարների թիվը, քանի որ այս պահին Կառավարության կազմում ընդամենը մեկ կին նախարար կա՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

MediaHub-ի աղբյուրը նաև տեղեկացրեց, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի  Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

Ի դեպ, մեզ փոխանցեցին, որ Համբարձում Մաթևոսյանի հետագա ճակատագիրը ներկայումս քննարկման փուլում է ու թեև նա «պատժվել է» ու այդ պատճառով է հեռացվել բարձր պաշտոնից, այդուհանդերձ Փաշինյանը կադրային սուղ ռեսուրսներ ունի ու հնարավոր է առաջիկայում Մաթևոսյանին նշանակեն ինչ-որ պաշտոնի: Հնարավոր է, ի դեպ, դիվանագիտական կորպուսում:

Իսկ թե ինչո՞ւ են Մաթևոսյանն ու Դումանյանը պատժվել, MediaHub-ը կներկայացնի հաջորդիվ: