«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ զինանշանի ու օրհներգի նկատմամբ իրականացրած «վրաերթը», ինչպես ասում են, հենց այնպես չէ, և իշխանությունները նախատեսում են առաջիկայում օրակարգ բերել դրանք փոփոխելու հարցը։ Ավելին, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով արդեն մի քանի քննարկում է տեղի ունեցել՝ «քավորությամբ» վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի։
Մեզ հայտնի է դարձել, որ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ, նույնիսկ արդեն իսկ առկա են զինանշանի մի քանի տարբերակներ։ Առաջիկայում նախատեսվում է զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի և հանրությանը ներկայացնի ընտրված առավել հաջողված տարբերակները։
Այս փուլում իշխանությունները մտադիր են թեման դեռևս չհանրայնացնել, բայց միաժամանակ աստիճանաբար տարբեր հարմար առիթներով տվյալ թեմայի հետ կապված առանձին թեզեր նետել հանրային տիրույթ՝ տրամադրություններն ու արձագանքները ստուգելու նպատակով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքապետը» մոնոներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ իրապես կարոտել էին դերասան Հայկ Մարությանին:
Վերջերս հյուրախաղերից վերադարձած Մարությանը, ասում են, ցանկանում է վերադառնալ քաղաքական դաշտ: Եւ մինչ պարզ կդառնա, թե արդյոք նա կմիանա ինչ-որ քաղաքական ուժի կամ կհիմնի նորը (քանի որ պայմանավորվածությունները արագ փոխում է), մարդկանց մի մասը ափսոսանք է հայտնում՝ լսելով Մարությանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին:
Կհարցնեք՝ ինչու. պատասխանը պարզ է. Մարությանը լավ դերասան է, եւ դա է իր կոչումը կյանքում: Կարծիք էլ կա, թե նա, այնուամենայնիվ, ոչ արդյունավետ եւ թույլ ղեկավար էր: Որպես հիմնավորում՝ մատնանշվում է, որ չնայած 2018 թվականին ժառանգած՝ առանց այդ էլ խարխլված ենթակառուցվածքներով քաղաքին, այո’, Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության խնդիրները:
Բայց իրականում Երեւանի քաղաքապետը կոմունալ վարչության պետը չէ. քաղաքն ուներ բազմաթիվ այլ շատ կարեւոր, ուշադրության արժանի խնդիրներ, որոնց հավասարապես պետք է տրվեին լուծումներ, բայց չեն արվել։ Վերջնարդյունքում Երեւանը չդարձավ հարմարավետ եւ բարեկարգ:
Միգուցե նախընտրական խոստումներ իրականացնելուն խանգարեց նաեւ պարոն Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, ում անունը սկսեց շահարկվել՝ որպես նախկին քաղաքապետի փոխարեն որոշումներ կայացնողի: Համացանցում կան բազմաթիվ աղմուկ հանած հոլովակներ՝ քաղաքապետարանի աշխատակիցների դժգոհություններով տիկին Մարությանի որոշումերից՝ երբ ում եւ որտեղ նշանակել, ում աշխատանքից ազատել: Ասում են նաեւ, որ նա ուներ հասանելիություն քաղաքապետարանի ներքին փաստաթղթերին եւ իրականում ուներ շատ ավելի մեծ որոշումներ կայացնելու աղդեցություն կառույցի ներսում, քան դրա մասին խոսում էին:
Մարությանը ինքն էլ չի հերքել, որ իր կինն օգնում է իրականացնել իր քաղաքական թիմի տված խոստումները: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի քաղաքական թիմին, այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ հակասություններ կային իր եւ ՔՊ-ի միջեւ:
Թերեւս այս հարցի պատասխանն ինչ-որ պահի ջրի երես դուրս կգա եւ կառաջացնի նոր հարցեր՝ ուղղված Հայկ Մարությանին:
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, թեև Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ ու ռեսուրս չի խնայելու, որ ՔՊ-ն հաղթի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, բայց, հաշվի առնելով Տիգրան Ավինյանի «վարչապետական» պահվածքը, երբ արդեն գրեթե բաց դիրքավորվում է որպես Նիկոլ Փաշինյանի «իրավահաջորդ», վերջինս որոշել է շատ հետաքրքիր վերադասավորումներ անել։ Քննարկվում են մի քանի սցենարներ: Սցենարներից մեկը վերաբերում է հետընտրական պրոցեսներին: Բոլորի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար ակնհայտ է, որ ՔՊ-ն ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն 50 տոկոս ձայն հավաքել պարզապես չի կարող, ավելին՝ շատ հեռու է այդ ցուցանիշից:Ի դեպ, մեր տեղեկություններով, հենց Տիգրան Ավինյանն է պնդել, որ ՔՊ-ն միայնակ, առանց դաշինքի գնա ընտրությունների: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է մերձիշխանական մի քանի ուժերի անցկացնել ավագանու կազմ, որպեսզի, երբ հերթը հասնի ավագանու կազմից քաղաքապետ ընտրելուն, միավորեն իրենց քվեները ՔՊ-ի հետ: Բայց քանի որ նույն այդ մերձիշխանականների մեծ մասը կտրուկ դեմ է Ավինյանին, որն, ըստ էության, վիժեցրել է ՔՊ-ի հետ դաշինքի կազմում հեշտ ու հանգիստ Երևանի կառավարման մասնաբաժին ստանալու նրանց երազանքը, որպեսզի հնարավոր լինի խուսափել ֆորսմաժորային իրավիճակներից, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցուցակում այնպիսի 2-րդ, 3-րդ համար ունենալ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ներկայացնել որպես այլընտրանք:
Ընդ որում, խոսքը այնպիսի թեկնածուի (թեկնածուների) մասին է, որը բոլորի համար անհայտ լինի, ինչպես ժամանակին, ասենք, Հրաչյա Սարգսյանը։ Այդ է պատճառը, որ այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում քաղաքական դաշտում որևէ ներկայությամբ աչքի չընկած, բայց որոշակի ոլորտներում հեղինակություն ունեցող անձանց հետ` ՔՊ նախընտրական եռյակում ընդգրկվելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-ում․ «Քաղպայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով թիմում միայնակ գայլի կարգավիճակում է հայտնվել, սկսել է ծխելու դեմ պայքար տանել նաեւ խորհրդարանում: Նա նկատել է, որ պատգամավորներից մեկն աշխատասենյակում ծխում է, դիմել է ոստիկանություն, որ պատժեն օրինազանցին։
Լսելով մեր այս հարցը՝ Թորոսյանը կատակի տվեց, թե որտեղ ծխող մարդ է տեսնում, սպառնալիքով է հանդես գալիս։ Վստահեցրեց, որ ոստիկան չի կանչել, գուցե սպառնացել է հերթական անգամ, բայց բանը կանչելուն չի հասել»:
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելուց հետո, նույն հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, ով փորել է Թովմասյանի ոտքի տակը, իր հաղթանակն է տոնում խորհրդարանում: Նա, խմբակցության ղեկավար Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմա զբաղված են Ռուստամ Բաքոյանից հանձնաժողովի նախագահի կերպար կերտելով՝ «դասընթացներ» են պատրաստել՝ ինչպես նիստ վարել, ինչպես խոսել, երբ հայտարարություն տարածել:
Տեղեկացանք, որ Թագուհի Թովմասյանը իրեն պաշտոնազրկելուց 3 ժամ հետո ծառայողական ավտոմեքենան հանձնել է ԱԺ-ին: Եւ Բաքոյանն արդեն վարորդ է բերել, երեկվանից ծառայողական ավտոմեքենայով է շրջում, ինչը ՔՊ-ում ոչ միանշանակ է ընդունվել: Բացի այդ, երեկ, Հայկ Կոնջորյանի հետ նրա սենյակում քննարկել է ՄԻՊ հանձնաժողովի փորձագետների հարցը. ում, երբ հեռացնել: Քանի սույն հանձնաժողովի փորձագետները ՔՊ-ական չեն, որոշել են բոլորին ազատել, մաքրել հանձնաժողովը Թովմասյանի օրոք նշանակված բոլոր կադրերից՝ նրանց փոխարեն ՔՊ-ականների բերելով:
Իհարկե, օրենքով, Բաքոյանն իրավունք չունի որեւէ կադրային փոփոխություն անել, ինչպես չի արել օրինակ, Բաբկեն Թունյանը, ով Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է և Վահե Հակոբյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո համակարգում է հանձնաժողովի աշխատանքները: Բայց Բաքոյանը մարտական է տրամադրված, Մարդու իրավունքների հանձնաժողովը պիտի իր կադրերով համալրի:
Այսինքն, Մարդու իրավունքների հանձնաժողովը դառնալու է միայն ՔՊ-ականների իրավունքների պաշտպանության հանձնաժողով: