Ո՞նց ենք անելու, որ ստանանք հատիկաընդեղեն և ոչ թե քրեական գործեր․ Փաշինյանը՝ Պապոյանին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ հատիկաընդեղեն մշակողներին պետությունը գումար կտրամադրի, որպեսզի մշակությունն էլ ավելի ակտիվ թափով զարգանա, ու պետությունն էլ իր պարենային անվտանգության հարցն էլ ավելի լավ լուծի։ 

Նիկոլ Փաշինյանն էլ Պապոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պիտի անի պետությունը, որ ստանա հատիկաընդեղեն և ոչ թե քրեական գործեր։

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ գյուղական համայնքի ղեկավարին գյուղացին հայտ է ներկայացնում, ասում է՝ ինչ է ուզում ցանել, ապա պայմանագիր է կնքվում։

«Այստեղ կարևոր է, որ հավաստագրված սերմերով պետք է ցանքն արվի։ Պետք է երևա սերմի գնումը։ Լաբորատորիաներից պետք է գնվի այդ սերմը, կան նման լաբորատորիաներ։ Հաշվարկված է ամեն ինչ։ Օրինակ, լոբի ցանելու ու վարելու համար մեկ հեկտարի հաշվարկով անհրաժեշտ է 200 հազար դրամ, ու պետությունը դրա համար նախատեսում է տրամադրել 100 հազար դրամ գումար»,- ներկայացրեց Պապոյանը։

Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պետությունը ստուգելու՝ սերմը ցանված է, թե ոչ, արդյո՞ք հավաստագրված սերմ է դա։

Գևորգ Պապոյանն էլ նշեց, որ սերմը փաստաթղթավորված է։

Մանրամասները՝ տեսանյութում։