Պատերազմի վտանգը պահպանվում է, քանի դեռ ադրբեջանցիները մեր հողի մեջ են․ Շահնազարյան

Պատերազմի վտանգը պահպանվում է, քանի դեռ ադրբեջանցիները մեր հողի մեջ են․ Շահնազարյան

Ադրբեջանը նոր պատերազմ է պլանավորում Հայաստանի եւ Արցախի դեմ։ Այս մասին հայտնում են անգամ պաշտոնական աղբյուրները, իսկ տելեգրամյան ալիքները հրապարակում են հայ-ադրբեջանական շփման գծում թշնամու զինտեխնիկայի տեղաշարժից կադրեր։ 

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ անզեն աչքով տեսանելի չէ Վարդենիսի սահմանին թշնամու զինուժի կուտակումն ու զինտեխնիկայի տեղաշարժը։ 

«Կուտակումների մասին պաշտոնական տեղեկություններ չունեմ, խոսակցություններ կան։ Մի քանի օր առաջ ինքս համայնքի ղեկավարի հետ եղել եմ դիրքերում, առանձնակի տեղաշարժ չեմ տեսել»,-ասաց նա։ 

Փաշինյանն էլ էր ասում՝ էսկալացիայի վտանգ կա։ Շահնազարյանը նկատում է՝ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է․ 

«Քանի դեռ ադրբեջանցին մեր տարածքում է՝ վտանգը պահպանվելու է»,- շեշտեց նա։

Ադրբեջանական Զինված ուժերը Գեղարքունիքի մարզում հայտնվեցին, երբ 2020թ․-ի նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությամբ Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին։ Բացի այդ, ադրբեջանական զորքերը 2021թ-ի մայիսին ապօրինաբար զավթեցին Գեղարքունիքի մարզի ռազմավարական նշանակության մի շարք դիրքեր եւ մինչ օրս հրաժարվում են դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքներից։ 2 օր առաջ Ալիեւը, ներկայացնելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի Բաքվի պայմանը, ասել է, որ հայկական կողմը պետք է Ղարաբաղը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի մաս: 

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները»,-ասել է նա։ 

29 հազար ք/կմ տարածքում հանգիստ ապրելու մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով Արցախի գոյության փաստը։ Դավիթ Շահնազարյանը շեշտում է՝ Ադրբեջանը բավականին լկտիացել է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական հարթակներում եւ դրա պատճառը այս իշխանության ապիկարությունն է։

«Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք պատասխան չի եղել։ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մենք հերթական հողն ենք նախապատրաստում՝ թե՛ Սյունիքը, թե՛ Երեւանը Ադրբեջանի համար թիրախ դառնալու։ Արցախը Հայաստանի դուռն է, վահանն ու պարիսպն է։ Կորցնելով Արցախը, մենք կկորցնենք Հայաստանը: Երբեք չի կարելի Արցախից հրաժարվել, այդ քայլով մենք կկորցնենք Հայաստանը»,-ընդգծեց նա։

Լիա Սարգսյան