Ժամանակավորապես կարգելվի սև և գունավոր մետաղների արտահանումը Հայաստանից

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջարկում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որը վերաբերում է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելուն։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ելնելով այս փաստերից՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։
Բացի այդ, վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ։ Նշված գործընթացները չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկությունները ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները, ինչը վերը նշված պատճառներից ելնելով՝ չի լուծում առկա խնդիրը։
Ուստի, նախագծի ըդնունմամբ ակնկալում են մետաղական հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում։
Վահե Մակարյան