Մեր կառավարության հանդեպ վստահություն այլևս չկա․ ընդդիմադիր ուժերը շարունակում են գրավել սիրիական քաղաքները 

Մեր կառավարության հանդեպ վստահություն այլևս չկա․ ընդդիմադիր ուժերը շարունակում են գրավել սիրիական քաղաքները 

Սիրիական Հալեպում կյանքը կանգ է առել։ Զինյալները պաշարված քաղաքում արգելում են բնակիչների ելումուտն ու անցուդարձը։ Այնտեղ ապրող մեր հայրենակիցները MediaHub-ին ասացին, որ ընդդիմադիրների զորքը որևէ վնաս չի տալիս իրենց, սակայն, հորդորում է մնալ ապաստարաններում։

«Նույնիսկ հաց, ջուր ու դեղորայք են հասցրել հայկական թաղամաս։ Իրավիճակի մասին որևէ բան չեն ասում, չեն հաղորդակցվում, բառ չեն փոխանակում, մեր հարցերին չեն պատասխանում։ Մեր կառավարության հանդեպ վստահություն այլևս չկա։ Բանակը կռվում է, Համա և Դեր Զոր քաղաքները ևս գրավված են ինչպես Հալեպը, ի՞նչ է լինելու մեր ճակատագիրը, միայն գիտի Աստված»,- պատմեց Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը։ 

Պաշարված քաղաքների բնակիչները միայն ելքի ճանապարհ ենք խնդրում։ Քաղաքային իշխանությունները վստահեցրել են, որ բանակցում են։ Սակայն, որևէ արդյունքի դեռ չեն հասել։ Հալեպում, փակ են հայկական կրթական և մյուս հաստատությունները: Հոգևոր թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը հալեպահայերին հորդորել է ամուր մնալ իրենց տեղերում, չընկրկել ու հավատալ, որ Հալեպի երկնքի վրա գոյացած այս մոխրագույն ամպերը նույնպես շուտով հեռանալու են: 

«Արդեն 2 օր է, առաջնորդարանը մի քանի ժամով բացել է իր դռները՝ ընդունել մեզ և լսել կարիքների մասին: Յուրաքանչյուր ընտանիքի դրամական ու նյութական աջակցություն է ցուցաբերվել։ Սակայն, մենք ասել ենք, որ ավելի շատ անվտանգության կարիք ունենք»,- եզրափակեց Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ սիրիական ճգնաժամին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահը, նշելով, որ «մենք հույս ունենք, որ ընդդիմության երթը տեղի կունենա առանց անցանկալի միջադեպերի և խնդիրների»

Արաբական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիան ամեն ինչ անելու է՝ գրավելու նաև մայրաքաղաքը։ «Իդլիբ, Համա, Հոմս և նպատակը, իհարկե, Դամասկոսն է»,- գրում են լրատվամիջոցները։

Հունան Թադևոսյան