Ինչո՞ւ պետք է դիմում գրեմ. Գարեգին Խումարյան

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ազատման դիմում չի գրել։ Այս մասին MediaHub-ին հայտնեց ինքը` Խումարյանը։
«Ինչո՞ւ պետք է դիմում գրեմ»,֊ մեզ հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ Խումարյանը հոդված էր հրապարակել՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ: Մասնավորապես, Խումարյանը գրել էր.
«Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը:
Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։
Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։
Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են»:
Հոդվածը լայն տարածում գտավ՝ հասկանալի պատճառներով: Հիշեցնենք, որ Հանրային ռադիոն պետական բյուջեից է ֆինանսավորվում:
Հարցականներ առաջ քաշեց՝ Գարեգին Խումարյանը հեռանո՞ւմ է, թե՞ կսպասի պաշտոնավարման ժամկետի լրանալուն:
Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել 2019-ի ապրիլին: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է երկու ամսից: