Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թող Ռուբենը իմ անցյալից մի փաստ բերի, եթե չբերեց՝ դատարկ տակառը հենց ինքն է. Բաբայանը՝ Վարդանյանին

Blog Image

Արցախում ներքաղաքական զարգացումները շարունակում են մնալ լարվածության մթնոլորտում: Թե՛ Սամվել Բաբայանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը հրապարակավ հայտարարում են, որ պատրաստ են համագործակցել, սակայն, ինչպես պնդում են MediaHub-ի աղբյուրները, իրականությունն այլ է:

Սամվել Բաբայանն իր հարցազրույցներում մի քանի անգամ ասել է, որ ինքն ու Ռուբեն Վարդանյանը հանդիպել են, ծրագիր է ներկայացրել, նորմալ հարաբերություններ ունեն, ինքը պատրաստ է համագործակցել։ Սակայն Բաբայանն, ի դեմս Վարդանյանի, տեսնում է Արցախի և Հայաստանի «նախկիններին»։ Այս երկու քաղաքական գործչի  հրապարակային առաջին «բախումը» Վարդանյանի հիմնադրած «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» շարժման մամուլի ասուլիսից սկսվեց, երբ վերջինս ակնհայտ արհամարհանք դրսևորեց՝ ասելով, թե չգիտի ինչով էր «հայտնի» Բաբայանի նախաձեռնած հանրահավաքը, ծանոթ չէ նրա ծրագրերին և նրան հանդիպել է մի անգամ, երբ գնացել էր մասնակցելու նրա հանդիպումներից մեկին, որին ներկա էր մի քանի մարդ և որը տևել է 20-25 րոպե։ Սրան հաջորդել էր քաղաքական բանավեճ հրավիրելու Բաբայանի պահանջը՝ «հանրայնացնել Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման տեսակետներն ու ծրագրային դրույթները»։ Վարդանյանը հրաժարվել էր դեմ առ դեմ բանավիճելուց, սակայն մեդիայում շարունակվում է նրանց վեճը։ 

Վարդանյանն, օրինակ, խոսելով Բաբայանի առաջարկած ծրագրերի մասին, վերջերս ընդունել է, որ ծանոթ է դրանց, սակայն իրատեսական չի համարում։ Նա անհերքելի է համարել նրա 90-ականների «որոշակի» փորձն ու հաջողությունը», բայց նաև շեշտել, որ դրան հաջորդած 23 տարիներին պարզ չէ որքան փորձ է նա ձեռք բերել, քանի որ 20-րդ և 21-րդ դարի մարտահրավերները տարբերվում են։ Ըստ էության, Վարդանյանը կրկնօրինակում է Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր 2016 թ․ բանակի վերաբերյալ Բաբայանի առաջարկությունները համարում էին հնացած և ասում, որ նա մնացել է նախորդ դարում։ 

Ռուբեն Վարդանյանը նաև պնդում է, թե ժողովուրդը չի վստահում Բաբայանին և չի կանգնում նրա կողքին:

MediaHub-ի հետ զրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, անդրադառնալով Վարդանյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին հայտարարեց.

«Այո´, 10-օրյա կոնսուլտացիաներից հետո հայտարարել եմ, որ քանի դեռ լայն ժողովրդական համախմբում չկա իմ շուրջը, ես չեմ մտնելու այդ բեռի տակ: Մենք հավաք ենք հրավիրել, որին մասնակցել է 5-6 հազար մարդ, և դա մեծ թիվ չէր։ Բայց ես հարց եմ տալիս այդ մարդկանց՝ եթե նախագահի հրամանով պետական ապարատի աշխատողներին հրապարակ սպիպողաբար չբերեք, ուժայիններին համար մեկ հրամանի բերեք, զորք կուտակեք, դիպուկահարներ դնեք, քանի՞ հոգի ձեր կողքին կկանգնի։ Դուք էդ հարցի պատասխանը ինձից լավ գիտեք»։ 

Ինչ վերաբերում է իրականությունից կտրված լինելուն՝ Բաբայանը նշեց, որ միչև այսօր պահպանել է քաղաքական կոռեկտությունը և իրեն թույլ չի տվել Ռուբեն Վարդանյանի հասցեին բացասական բան ասել, բայց ընդունում է մարտահրավերը․ 

«Առնվազն բարոյական չէ, երբ բանակի վերաբերյալ իմ գիտելիքների մասին խոսում է մի մարդ, որի արածը այս երկրի համար ընդամենը հավաքներ անելն է, կլինի՝ դրամահավաք, ստորագրահավաք կամ հանրահավաք։ Խորհուրդ կտայի ամեն մարդ զբաղվեր այն գործով, որն իր մոտ լավ է ստացվում, ես ՝ բանակ սարքելով, ինքը՝ գումար հավաքելով։ Ժողովուրդն ասում է՝ դատարկ կարասը բարձր է զնգում։ Դատարկ տակառների հետ գործ չունեմ, ես իմ ճանապարհն եմ գնում։ Ժողովուրդը կվստահի՝ կանենք, չէ՝ չենք անի։ Ինչ վերաբերում է իմ անցյալին ապա, թող Ռուբենը իմ անցյալից մի փաստ բերի։ Եթե չբերեց, կարելի է համարել, որ դատարկ տակառը հենց ինքն է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Լիաննա Թորոսյան

Send