Հռոմի Պապը ցանկանում է այցելել Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Երկրորդը հայտարարել է, որ ցանկանում է այցելել Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում Հռոմի Պապն ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն սկսվելուց 20 օր անց Վատիկանի պետական քարտուղարին խնդրել է Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ ինքը պատրաստ է այցելել Մոսկվա, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։ Հռոմի Պապը վերահաստատել է Մոսկվա այցելելու և ՌԴ նախագահի հետ հանդիպելու իր ցանկությունը։
«Չնայած դրան, ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի անցկացնի այդ հանդիպումը ներկայումս»,- ասել է Ֆրանցիսկոս Երկրորդը։
Հռոմի Պապը հայտնել է նաև, որ առայժմ Կիև այցելելու մտադրություն չունի։
«Ես ուղարկեցի կարդինալներ Մայքլ Չերնիին և Կոնրադ Կրաևսկուն, նրանք չորրորդ անգամ են այնտեղ լինում, բայց ես զգում եմ, որ անձամբ չպետք է այցելեմ․ սկզբում պետք է այցելեմ Մոսկվա, հանդիպեմ Պուտինի հետ»,- ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը։