Փաշինյանը «ձեռքերը լվացեց»․ աղքատություն է լինելու

Փաշինյանը «ձեռքերը լվացեց»․ աղքատություն է լինելու

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ հայ սպառողը պարենի դեֆիցիտ չի ունենալու, բայց ստիպված է լինելու շատ վճարել պարենի համար, քանի որ համաշխարհային շուկայում գները շարունակելու են բարձրանալ: Տնտեսագետի համոզմամբ, այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան:
Փաստորեն, Հայաստանում աղքատությունն անշեղորեն աճելու է ու թվում էր՝ կառավարությունն օր առաջ իրականացնելու է հակաճգնաժամային ծրագրեր, վերանայելու է բյուջետային ընթացիկ ծախսերը՝ որոշները խմբագրելու, մյուսներն առհասարակ դադարեցնելու նպատակով։

Բայց Նիկոլ Փաշինյանը, թերևս, որևէ գործնական քայլ իրականացնելու ցանկություն չունի ու լավագույն դեպքում՝ դիտորդի կարգավիճակում հետևելու է իրադարձությունների զարգացմանը։ Կառավարության երեկվա նիստում, Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, հայտարարել է, որ ՀՀ-ում սոցիալական վիճակը բարդանում է, սակայն ամբողջ աշխարհն է գտնվում նույն վիճակում. «Գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք տեսնել ցանկացած պահի՝ նորությունների բովանդակությանը ծանոթանալով։ ՀՀ-ն, այս իմաստով, դեռ մի բան էլ լավ վիճակում է՝ շատ երկրների համեմատ»։

Հակաճգնաժամային ծրագրեր կառավարությունից չսպասեք, Փաշինյանն ալիբին գտել է, ասում է` ամբողջ աշխարհում սոցիալական վիճակը բարդանում է։ Մի խոսքով` կառավարություն առաջնորդվում է՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր» խոտոր տրամաբանությամբ։

Փոխարենն՝ անգամ ճգնաժամը Փաշինյանն օգտագործում է անզուսպ պոպուլիզմով զբաղվելու, հասարակության անիրազեկ խավերին քարոզչական ազդեցության տակ պահելու նպատակով։ Երեկ կառավարության նիստում վարչապետն ընդգծել է. «Ինչպես նախկինում, այսօր՝ առավել ևս, ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»։ Մեր աղքատացող հասարակությունը շարունակելու է «սնվել» Փաշինյանի զեղումներով, սա է «նոր» Հայաստանի «առանձնահատկությունը»։

Վահրամ Բագրատյան